Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՉԵԽԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊՐԱՀԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

30.01.2014

 Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ի պատիվ ՀՀ Նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ և չեխ ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված փոխգործակցությանը, նաև միջազգային կառույցներում և այլ խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հանդիպման սկզբում Սենատի նախագահ Միլան Շտեխն ընդգծելով, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները բարեկամական են, նշել է, որ Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը: Սենատի նախագահը խոսել է հայ և չեխ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, դարերի ընթացքում նրանց հաղթահարած բազում դժվարությունների և մարտահրավերների մասին, ընդգծել, որ Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Իր երկրի կողմից նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով, ինչպես ժամանակին դա արել է Չեխիան: Նա նշել է, որ խաղաղության ապահովման կարևոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, և Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարևորել է հատկապես ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության և այլ, զարգացնել համագործակցությունը և կարևորել նաև խորհրդարանների միջև փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ կայացող Հայաստանի Նախագահի պետական այցը կխթանի երկկողմ հարաբերությունները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից: Նախագահը գոհունակությամբ է նշել երկու երկրներում դեսպանությունների բացման մասին, փաստել, որ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, հաճախակիացել են բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում անցկացվելիք չեխական և հայկական մշակույթի օրերին և այն համարել երկու երկրների միջև մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված կարևոր քայլ:

Խոսելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալի ոչ բավարար ցուցանիշների մասին, Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ չնայած դրան, առևտրաշրջանառության ծավալը 2012-ի համեմատ 2013թ. 40 տոկոսով աճել է:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի Հայաստանի և Չեխիայի միջև խորհրդարանական համագործակցությունը շարունակի զարգանալ ամուր բարեկամության և շարունակական առաջընթացի ոգով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների հզորացման:

Սենատում կայացած հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պրահայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել Պրահա քաղաքի պատվավոր այցելուների գրքում և Պրահայի քաղաքապետից ի նշան երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ստացել խորհրդանշական նվեր՝ քաղաքի բանալին:

Պրահայի քաղաքապետն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձել է հայ և չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, պատմամշակութային առնչություններին, այդ համատեքստում խոսելով նաև մայրաքաղաք Պրահայում հայկական հետքի մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե մեծ բավականությամբ է այցելում հիասքանչ Պրահայի քաղաքապետարան Չեխիայի Հանրապետություն իր պետական այցի շրջանակում: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Չեխիայի միջև նորօրյա պատմության ընթացքում նախագահական մակարդակով իրականացվող այս առաջին այցը՝ հագեցած պաշտոնական հանդիպումներով ու գործնական քննարկումներով, ընթանում է հայ-չեխական ավանդական բարեկամության ոգով:

«Միանգամայն վստահ եմ, որ իմ պետական այցի ընթացքում Չեխիայի ղեկավար անձանց հետ արդյունավետ հանդիպումները կծառայեն վերջին տարիներին վերընթաց զարգացում ապրող հայ-չեխական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու և փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու նպատակին:

Իրոք, ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Մեկ անգամ ևս հիշատակեմ Պրահայի հայկական հետքի մասին մի հետաքրքիր փաստ. դեռևս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գևորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:

Երևանը և Պրահան, համագործակցության մեծ ներուժ ունեն, և հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն մեր մայրաքաղաքների միջև կապերն ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ակնկալում եմ Ձեզ հետ հանդիպել նաև մայրաքաղաք Երևանում»,-Պրահայի քաղաքապետի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ կա կաթոլիկների համայնք, և աշխարհով մեկ սփռված հայերի շարքում էլ քիչ չէ կաթոլիկների թիվը։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, թերևս դա է պատճառը, որ ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև:

Հանդիպման ընթացքում Նախագահը խոսել է նաև հարուստ ընդհանուր ժառանգության մասին՝ բավարար համարելով բազմաթիվ օրինակներից միայն Վիեննայի Մխիթարյանների և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հիշատակումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ ընդհանուր ժառանգության հիման վրա հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցություն է սկսվել Հայ Առաքելական եկեղեցու, Չեխիայի հոգևոր հովվության և չեխ կաթոլիկ եկեղեցու միջև։

Ավելի ուշ ի պատիվ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից կտրվի պետական ընթրիք:

← Վերադառնալ ցուցակին