Նախագահ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԵԽԱՆԵՐ

23.12.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:

Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:

Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա առաջին գրավականը, սիրելի՛ երեխաներ, լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի և երկրի նկատմամբ»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու անհրաժեշտ հնարավորությունները և հավաստիացրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում և արվելու է այդ հնարավորություններն ստեղծելու համար:

Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին և մինչև Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր. երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:

ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն ավանդույթ են դառնում: Անցյալ տարի ևս նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ և սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:

← Վերադառնալ ցուցակին