Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԱՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
06.12.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան:
Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:
Մանդելայի ժառանգությունը սփռվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության սահմաններից անդին՝ մարդկությանը պատգամելով սիրո և հանդուրժողականության, ներողամտության և հաշտեցման զորությունը: Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու և ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունը անսպառ են ու մշտակայուն:
Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,-ցավակցական հեռագրում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը. «Մահն անխուսափելի է: Սակայն երբ մարդն արել է այն, ինչ համարում է իր պարտքը սեփական ժողովրդի և երկրի առջև, կարող է հանգչել խաղաղությամբ: Հավատում եմ, որ ես դա արել եմ, ուստի ես կննջեմ հավերժության մեջ»: