Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԸՆԵ ՌՈՒՔԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

06.12.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած երկու տասնամյակները նշանավորվել են բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ, մասնավորապես՝ քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերի, տնտեսական, ինչպես նաև մշակութային, կրթական և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահը և ֆրանսիացի խորհրդարանականները համակարծիք են եղել, որ միջխորհրդարանական համագործակցությունը բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է, որը կարևոր դերակատարություն ունի երկու պետությունների փոխհարաբերություններում:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան և Արցախ:

Նախագահը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները և պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը:

Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ևս: 

← Վերադառնալ ցուցակին