Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻ ՀԵՏ
29.11.2013
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Քիչ առաջ ավարտվել է Հանրապետության Նախագահի հանդիպումը Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: