Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼՂՀ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
14.11.2013
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:
Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է: