Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԾՏՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

18.10.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում:

Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության և գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու և համակարգված քաղաքականություն մշակելու:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձևավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձևավորումը, առանց որի, ըստ Նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական և սոցիալական զարգացում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ: Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ և կարևոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարևոր գրավական և ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար:

Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության և գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության և գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձևավորելու և փորձի փոխանակման տեսանկյունից:

Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության և գիտության նախարարներին, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր գործում:

← Վերադառնալ ցուցակին