Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
15.10.2013
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին:
Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում: