Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՎԻԿՏՈՐ ԻՎԱՆՈՎԻՆ
04.10.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում:
Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ուժերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդպիսի սպառնալիքներից է թմրանյութերի անօրինական շրջանառությունը: Այդ տեսակետից Հանրապետության Նախագահը կարևորել է Երևանում «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումը և ողջունել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են համամարդկային այդ չարիքի դեմ: Նախագահը նշել է, որ չնայած Հայաստանում հպարտանում են չափազանց վտանգավոր այդ հանցավորության դեմ պայքարի արդյունքներով, այդուհանդերձ, վերոհիշյալ սպառնալիքի դեմ պայքարը պետք է կրի հետևողական բնույթ:
Երկուստեք կարևորվել է Երևանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:
Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության միջև փոխգործակցությունը: