Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ ՄԻԽԱԻԼ ԿՈՍՏԱՐԱԿՈՍԻՆ

25.09.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ, նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության և դրանց նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է և անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել:

← Վերադառնալ ցուցակին