Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
06.07.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:
Քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:
Նկատի առնելով տարբեր ոլորտներ ներառող լայնընդգրկուն օրակարգը, որի հարցերից յուրաքանչյուրն, ըստ Նախագահի, առանձին կարող էր դառնալ մեկ խորհրդակցության թեմա, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացված հարցերն ու դրանց վերաբերյալ նախապատրաստած փաստաթղթերը Հանրային խորհուրդը մինչ այս քննարկել է և կշարունակի քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով բարձրացված հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակադրմամբ օգտակար լինել այդ գերատեսչություններին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը, ամենևին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը և ներկայացված հարցն արդեն Նախագահի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել և ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության և հասարակության համար ընդունելի լուծումներ»,- հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Նախագահը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արդեն չորս տարի գործունեություն ծավալող խորհրդի անցած ճանապարհին, ստեղծումից անմիջապես հետո այդ կառույցի նկատմամբ թերահավատ մոտեցումներին, հնչած քննադատություններին և արդեն որոշակի աշխատանք կատարելուց հետո, հասարակական դրական ընկալումներին ու խորհրդի ձեռքբերումներին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ապագայի վերաբերյալ պատկերացումներին: «Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը և Նախագահին կներկայացնենք չորս տարվա մեր ամբողջ գործունեության արդյունքները և հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով», -ասել է Հանրային խորհրդի նախագահը:
Վազգեն Մանուկյանն իր գլխավորած կառուցի համար կարևորել է հեղինակությունը, որ պետք է վայելի ցանկացած նման կառույց և դրա համար ընդգծել երեք կարևոր գործոն՝ Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրի անձնական անհատական հեղինակությունը, երկրորդ՝ թե Հանրային խորհուրդը հարցերը բարձրացնելիս որքանո՞վ է անկաշկանդ և ինքնուրույն, միևնույն ժամանակ, հավասարակշռված ու ոչ պոպուլիստական:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով ևս Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատությունների ենթարկվել: «Ինչպես ասում են՝ որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում: Մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին և, իրոք, աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»,- ասել Է Սերժ Սարգսյանը: