Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

02.07.2013

 Մեծարգո պարոն Նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

← Վերադառնալ ցուցակին