Նախագահ

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

02.07.2013

 Ս.թ. հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:
Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետև նա շահագրգիռ ձևով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Մենք դեսպանի հետ Սիլիկոնային հովտում էինք, և նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով և դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնային հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, և ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար: Դրանք այն դասերն էին, որ դեսպանի հետ բերել էինք Երևան: Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ: Նա ընդհանրական դատողություններ էր անում, որոնց հետ ես ամբողջովին համաձայն եմ»:

 

← Վերադառնալ ցուցակին