Նախագահ

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՅԴԱՆԵԿԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

26.06.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Համալիրի համաժողովների կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:

Նախագահն այնուհետև մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան և Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանային համալիրում

 

Հարգելի՛ բարեկամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի և մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ են` դժոխային անողոքություններ ծնած մարդկային խեղված բանականության մասին:

Համոզված եմ, որ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուրի մոտ Մայդանեկ այցելելիս առաջանում է պարզագույն մի հարց. այն է` «ինչպե՞ս»: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն իր տեսակի նկատմամբ նման դաժանություն իրագործել` իրեն համարելով վերադաս դիմացինի և ամենակարող` մարդկության հանդեպ:

Միգուցե սրանք պարզամիտ հարցեր են` իրենցից բխող պարզունակ պատասխաններով, թեև, հավատացած եմ՝ նման սոսկալի ոճիրի կանխարգելման լավագույն ձևերից մեկն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցն ինքներս մեզ ուղղելն է: Սա կարևոր քայլ է ոչ միայն հետադարձ հայացք դարձնելու և պատմական փաստերին հերթական անգամ գնահատական տալու տեսանկյունից, այլև այս կերպ կարելի է գտնել նմանօրինակ ոճրագործության սանձազերծումը մեկընդմիշտ կանխող և դատապարտող համընդհանուր բանաձևը:

Իրողության կոծկումից ու ժխտումից մինչև հանցավոր լռություն և անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր և գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը:
Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների և ժողովուրդների միջև համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում և անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»:

Չկա դատապարտում առանց կանխարգելման և չկա կանխարգելում առանց դատապարտման: Ես հավատում եմ, որ ճակատագիրը ցեղասպանության վերապրածներին և նրանց սերունդներին ստիպելով հանդերձ անցնել եղեռնի բովով` մարդկությանը պատգամ է թողել դասեր քաղել անցյալից և հետևողականորեն պայքարել` Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորելու և հետագա սերունդներին նմանօրինակ խեղումներից պաշտպանելու համար:

Այսօր ինձ հետ այստեղ է Մայդանեկի բազմաթիվ հայազգի գերիներից և զոհերից մեկի` Լևոն Մադոյանի որդին: Նա բնակվում է Հայաստանում, Վանաձորում: Մենք առաջարկեցինք նրան ընկերակցել մեր պատվիրակությանն այս այցելության ընթացքում, քանզի ամենակենդանի պատմությունը սերունդների մեջ ապրող պատմությունն է:

Իրոք, հիշատակի վայրերի վերածված նախկին համակենտրոնացման ճամբարներ Մայդանեկը, Օսվենցիմը, Տրեբլինկան, ինչպես նաև Յադ Վաշեմը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը լոկ պատմական փաստերը վավերագրող կոթողներ չեն, դրանք մարդկությանն ուղղված հզոր և ազդեցիկ ուղերձ են` ժողովուրդների միջև հանդուրժողականության խրախուսման, այլատյացության դատապարտման և կանխարգելման համար: Ազդեցիկ ուղերձ են հարյուր հազարավոր փշրված մանկությունների հուշարձան հանդիսացող հետպատերազմյան մանկատները, ինչպես Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ կառուցված հայկական որբանոցներն էին: Մենք, որպես այդ ամենը վերապրած ժողովուրդներ պարտավոր ենք անել նույնիսկ անհնարինը` այդ ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

Բարեկամնե՛ր,

Անկախությունը վերստին նվաճած Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանություն հանցագործությունները կանխարգելելու և պատժելու համար պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսից Հայաստանի կողմից առաջին անգամ ստանձնած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության գերակայություններից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող քարոզչության դեմ պայքարը: Հենց դա է պատճառը, որ Լեհաստան իմ այցի շրջանակներում ցանկացա այցելել հրեշավոր հանցագործության այս լուռ և տխուր հուշարձանը:

Նույն համատեքստում Երևանում պատրաստվում ենք անցկացնել անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով: Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը, որը վերջին տարիներին մեծ հնչեղություն է ձեռք բերել` հաշվի առնելով այդ նախաձեռնության նպատակների կարևորությունը: Հայաստանը Եվրոպայի խորհրդում իր նախագահության շրջանակում աջակցելու է նաև «Ո՛չ ատելության խոսքին» շարժմանը` կարևորելով առցանց երիտասարդական արշավը` ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև և վերահաստատել Հայաստանի Հանրապետության վճռական հանձնառությունը` պայքարելու, դատապարտելու և չհանդուրժելու այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում: Մենք պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ:

2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ողջակիզման ավարտի 70-ամյակը: Համոզված եմ, որ այս կարևոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք և կործանարար գործիք՝ ընդդեմ մարդու գոյության և արժանապատվության գերակայության:

Շնորհակալություն:

← Վերադառնալ ցուցակին