Նախագահ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԴ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
12.06.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:
Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է և փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի և հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ և նպաստել Ռուսաստանի հետևողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:
ՌԴ բարձրագույն ղեկավարությանը և ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն և բարօրություն: