Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

07.06.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին և հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը և հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը` առկա ներուժն օգտագործելու և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին