Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ՀԵՏ

29.05.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ և հիշողություններ է պահպանել 2010թ. Լոնդոնում Նորին Մեծության և արքայազնի հետ հանդիպումներից: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը»,-արքայազն Չարլզին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, մեր հայրենակից Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար և կարևորել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը: Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության և երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

← Վերադառնալ ցուցակին