Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
08.05.2013
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով ձևավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կազմը: Հանրապետության Նախագահը նոր կառավարության առաջին նիստից առաջ այսօր հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ այդ հաջողություններով շատ բան է պայմանավորված լինելու առաջիկայում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է երևալ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիդ կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ, կոնկրետ աշխատանքը գերադասում են շոուներից:
Յուրաքանչյուր ընտրություն և հատկապես համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար: Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք որպես պետություն և հասարակություն ավելի ամրացած: Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու:
Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով:
Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է:
Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք, հարգելի՛ գործընկերներ, և այդ խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների մասին մենք հնարավորություն կունենանք տեսանելի ապագայում խոսելու՝ խոսելու փոքր-ինչ ավելի ընդլայնված կազմով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և խնդրում եմ հստակորեն գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված, միգուցե նույնիսկ առաջին հայացքից անտեսանելի, բայց, իրոք, շատ բան է կախված: Ես վստահ եմ, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաև մեր բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն:
Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում և հաջողություն եմ մաղթում:
***
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհավորանքի համար և հավաստիացնել, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ և՛ Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները բավականին բարձր են: Կառավարությունը, վարչապետի խոսքով, ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի և՛ Հանրապետության Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները, որպեսզի կառավարության գործունեության արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը դրա համար ջանք չի խնայի և նվիրումով կաշխատի հանուն այդ նպատակների: