Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
25.04.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ:
Հանրապետության Նախագահը ողջունել է բարեկամության խմբի այցը մեր երկիր և խմբի ստեղծումը համարել ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն՝ նկատի առնելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ու ինտենսիվությունը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանն ու առավել խորացմանը, ինչպես նաև Հայաստանին հուզող հարցերը Եվրոպական խորհրդարանում բարձրացնելուն:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպման սկզբում նախ շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների և ՀՀ Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ որպես Հայաստանի բարեկամներ, շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խորհրդարանում, եվրոպական այլ կառույցներում և ԵԽ անդամ երկրների խորհրդարաններում՝ նպաստելով Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների տարածմանն ու Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած հսկայական ու անգնահատելի պատմական, մշակութային ժառանգության, դավանած արժեքների ներկայացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը, ներկայիս օրակարգին և արդեն բարեկամության խմբի գործունեության պարագայում՝ համագործակցության հեռանկարներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ, ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա փուլի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին: