Նախագահ

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը

09.04.2013

Ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, Լեռնային Ղարաբաղի հարգարժան Նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ: Գրանցվել է 92 պատգամավոր: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի N 61-Ա որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահ է վերընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված»:

Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եւ Նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու ժողովրդին երդման համար հրավիրեց ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- ձեռքը ՀՀ Սահմանադրությանն ու Վեհամոր Ավետարանին երդվեց Սերժ Սարգսյանը:

Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո հայրապետական օրհնանքի խոսք ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ-ն.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,

Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի,

Մեծահարգ վաստակյալ Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Բարձրաշնորհ եւ Գերաշնորհ հոգեւոր հայրեր,

Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

Սիրելի հյուրեր եւ ներկաներ.

Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով:

Փառք եւ գոհություն ենք մատուցում Երկնավորին մեր ժողովրդին պարգեւած անպատում շնորհների համար, որոնցով ապրել, ստեղծել ու մաքառել է եւ այսօր աննկուն ու լավատես` հայրենյաց սիրով կերտում է իր ազատ կյանքի նոր օրը:

Անկախ պետականության վերականգնումից ի վեր մեր երկիրը ահռելի դժվարություններ է հաղթահարել, վերակառուցումների ու բարեփոխումների ոչ դյուրին ճանապարհ անցել: Այս պահին գնահատանքով եւ աղոթքով ենք հիշում հայրենի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործին իրենց նվիրյալ ծառայությունը բերած ազգի բոլոր զավակներին: Պետականաշինության ընթացքներում Դուք, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, ծանրագին ավանդ եք բերել` լինելով կերտողներից մեկը մեր պատմության այս հուսաբեր ժամանակաշրջանի: Ձեր նվիրյալ ծառայությունը Հայրենիքին ու ժողովրդին առաջնորդեց Ձեզ պետական ամենաբարձր պատասխանատվության: Նախագահի պաշտոնը հինգ տարիներ առաջ Դուք ստանձնեցիք երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում եւ, սակայն, աներեր կամքով եւ հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեցիք, որպեսզի պահպանվի կայունությունը եւ շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի: Ձեր նախագահության շրջանը եղավ պայքար եւ ծառայություն դժվարությունների եւ մարտահրավերների դիմագրավման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ եւ արդար կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման եւ գործակցության արդյունավորման:

Այսօր Վեհամոր Ավետարանի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով` Դուք նորոգեցիք ծառայական Ձեր ուխտը ազգին եւ Հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում` որոշակի նոր պահանջներով ու ակնկալիքներով: Մեր երկրում նախորդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերով ու բարի արդյունքներով հանդերձ` տակավին կենսական նշանակություն ունեցող եւ վճիռների կարոտ բազում խնդիրներ ու հարցեր կան, որոնք այսօր եւս պահանջում են հայրենի իշխանությունների եւ համայն մեր ժողովրդի հետեւողական ջանքերը` պահպանելու համար մեր խաղաղ ու ապահով կյանքը եւ առաջընթացի հույսն ու հեռանկարը: Ամենքիս տեսիլքն է, որ մեր անկախ պետականության ուղին պարգեւի արգասիքներ շեն ու ծաղկուն կյանքի` բարօրությամբ ու բարեկարգությամբ լեցուն, զարգացող տնտեսությամբ, գիտությամբ ու մշակույթով: Նախագահի բարձր առաքելությամբ Դուք կոչված եք իրագործման առաջնորդելու այս տեսլականը: Անտարակույս է, որ ժողովրդի բարօրությունը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, հոգեւոր-բարոյական արժեքներով հասարակական կյանքի առաջընթացը առավել ամրություն պիտի բերեն մեր երկրին, հեղինակություն` մեր պետության վարկին եւ առավել զորություն` մեր ազգային կյանքին: Մեր Եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը եւ Ձեզ` հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում:

Երդմնակալության այս առիթով Մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփյուռս` հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն մեր Հայրենիքի եւ ազգային մեր կյանքի պայծառության, մեր հույսերի մարմնավորման: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի եւ հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջեւ: Առաքյալի խոսքի համաձայն` «հոգ տանենք միմյանց` սիրո եւ բարի գործերի հորդորելով» (Եբր. 10. 24), որպեսզի օր օրի շենանա ու բարգավաճի մեր Հայրենիքը` այսօր եւ միշտ մնալով ամուր պատվարն ու զորության ակունքը աշխարհասփյուռ հայության:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Հայրենիքի անսասանության, մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի հայցով: Աղոթում ենք Ձեզ համար, մեծարգո Նախագահ. թող Բարձրյալի օրհնությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն Ձեզ հետ, զորացնեն Ձեզ, պահպանեն հաստատուն ու վճռակամ` կյանքի կոչելու Ձեր եւ մեր ժողովրդի բարի սպասումներն ու հույսերը: Թող Տերը օրհնի ազգս աշխարհասփյուռ, միշտ պահպանի Իր շնորհների մեջ` հավատքով հայցելու. «Տեր Աստված մեր, առաջնորդիր մեզ եւ ուսուցանիր մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ եւ մեր ընթացքը` Քեզ հաճելի. ամեն» (ժամագիրք)»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսքն ավարտեց տերունական աղոթքով:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը նշեց.

«Վեհափառ Տեր,

Մեծարգո Նախագահ Քոչարյան,

Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Մեծարգո Նախագահ Ղուկասյան,

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի հյուրեր, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել:

Որեւէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի եւ իր առավելությունները, եւ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների եւ ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար:

Առաջիկա հինգ տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձեւը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջեւ պարտադիր պայման է մեր թե տնտեսական, թե քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատեք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը: Համեմատեք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատեք հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի հայրենակիցներ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում եւ մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետեւողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որեւէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղությունը պահպանելու կարեւորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել եւս չենք օգտագործել այդ հարցը իբրեւ պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն եւ իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած եւ անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ եւ ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ եւ ընկերոջ կորստի, եւ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաեւ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի:

Սիրելի հայրենակիցներ,

Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաեւ ցանկանում են պարտադրել մեզ:

Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, եւ դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի՝ տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրանց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին:

Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու:

Այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք՝ հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ:

Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաեւ յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում եւ արդյունք է տալիս:

Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորվելու ուղիները: Տանք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:

Նաեւ այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու եւ մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն եւ ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետեւողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու:

Ուրեմն՝ ի գործ:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

Փառք հայ ժողովրդին»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց.

«Մեծահարգ պարոն Նախագահ, Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ ցանկանում պատմական արդյունքներով հարուստ պաշտոնավարում: Ձեր նախընտրական արշավը Դուք ավարտեցիք հետեւյալ բառերով. «Հայաստանի արմատներն ամրանում են այն ըմբռնման շնորհիվ, որ այստեղ` մեր երկրում, ամենազորավորներից անգամ զորեղ ենք, երբ միասին ենք: Մեջք՝ մեջքի»: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, բոլոր հայորդիները, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, բոլորը մեկ հարցում հաստատապես միակամ են. ուժեղ, վերելք ապրող ու անսահման սիրված հայրենիքի ամրապնդման հարցում:

Պարոն Նախագահ,

Ճանաչելով Ձեզ ու քաջատեղյակ լինելով Ձեր անցած ուղուն՝ ես ավելի քան վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ գալիք տարիները մեր պետության համար դառնալու են համախմբման, միասնական ոգու ամրապնդման ու հետեւողական աշխատանքի տարիներ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ եւ բոլորիս: Աստված Ձեզ պահապան»:

Դահլիճից դուրս բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Նախագահական իշխանության խորհրդանիշը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հատուկ նիստի ավարտը: 

← Վերադառնալ ցուցակին