Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԻ ԱՔԲԱՐ ՍԱԼԵՀԻԻՆ

08.04.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին: Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է հարաբերությունները հուսալի հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների կապակցությամբ և կարևորել էներգետիկ ու տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա ՀԷԿ-երի ժամանակին շահագործումը:

Արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի կառավարության ու ամբողջ ժողովրդի անունից բարեմաղթանքներ է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Իր հերթին Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրանի ժողովրդին՝ ս.թ. հունիսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման գործում:

ՀՀ նախագահը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին