Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին
11.03.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա այցը Հայաստան լավ հնարավորություն համարել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ:
Սայմոն Ֆրեյզերը հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ իր երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնի շնորհավորական նամակն ու անձնական շնորհավորանքը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԹ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, Հայաստանի եվրամերձեցման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին:
ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսական բարեփոխումների ուղղությամբ իրականացված ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը:
Փոխքարտուղար Ֆրեյզերն իր երկրի կառավարության անունից վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը մեծապես աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին, որոնք շարունակվելու են Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում:
Երկուստեք նշելով, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ ՀՀ նախագահը և ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարն այդ ներուժի համեմատ զգալիորեն անբավարար են համարել Հայաստանի և ՄԹ միջև ապրանքաշրջանառության ծավալներն ու քննարկել տնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները: