Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ

06.03.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

«Հարգելի պարոն Նախագահ,

Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:

Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու Արևելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաև Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը` ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը` ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Տեղյակ եմ ձեր երկրի բարդ տարածաշրջանային իրավիճակից: Եվրոպական միությունն ակտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ջանքերին և շարունակելու է այդպես վարվել: Կցանկանայի ևս մեկ անգամ քաջալերել Ձեզ, ինչպես քաջալերում եմ այլ առաջնորդներին, համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, եթե նույնիսկ դրանք ժամանակ առ ժամանակ դժվար կլինեն:

Վստահեցնում եմ Ձեզ մեր հարաբերություններն այսուհետ ևս խորացնելու իմ հանձնառությունը»,-ասված է Եվրոպական խորհրդի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ Հայաստանի և արտերկրի այլ պաշտոնատար անձանցից, ստեղծագործական միությունների, հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից:

← Վերադառնալ ցուցակին