Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
02.03.2013
Հարգելի դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ:
Այս օրը հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի, քանզի իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը 21 տարի առաջ անդամակցեց Միավորված Ազգերի Կազմակերպությանը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ, իրականացնելով մեր աշխարհասփյուռ ժողովրդի մի քանի սերունդների անկախ Հայրենիք ունենալու նվիրական իղձը:
Այսօր մեր առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը վարում է հստակ օրակարգով, մեր երկրի և ժողովրդի շահի գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Հայաստանն արտաքին աշխարհի համար հանդես է գալիս իբրև վստահելի և կանխատեսելի գործընկեր:
Հայ ժողովրդի համար գերակա նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում մեր դիվանագիտության դերը հիրավի մեծ է ու կարևոր: Հետևաբար, օրինաչափորեն մեծ են ակնկալիքներն ու պահանջները մեր դիվանագետներից: Հայրենասիրությունն ու անձնվիրությունը, մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու հմտությունը, պատվախնդրությունն ու նպատակասլացությունն այն հատկանիշներն են, որ պետք է բնութագրեն յուրաքանչյուր դիվանագետի:
Հարգելի դիվանագետներ,
Վերստին շնորհավորում եմ ձեզ, մաղթում արգասաբեր գործունեություն` ի նպաստ միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքի և հեղինակության ամրապնդման, մեր Հայրենիքի զարգացման համար արտաքին բարենպաստ միջավայրի ապահովման և մեր ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացման: