Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.02.2013

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Պետության նախագահները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Նախագահ,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, բոլոր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու Ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող Ձեր ջանքերին:

Ընտրություններից հետո, վերահաստատում եմ նաև վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը:

Օգտվում եմ առիթից վերահաստատելու իմ անձնական կապվածությունը մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամությանը: Համոզված եմ, որ մեր հետագա երկկողմ ձեռնարկումները հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր համագործակցությունը՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, որը նույն բարձրության վրա չէ, ինչպիսիք մեր քաղաքական շփումներն են»:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ հայ-ուկրաինական երկկողմ համագործակցությունը կշարունակի այսուհետ ևս զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ամուր հիմքի վրա: «Հայ ժողովրդի բարեկեցության բարելավման ուղղությամբ Ձեր երկարամյա աշխատանքն ու ջանքերը հերթական անգամ լայն աջակցություն ստացան Հայաստանի քաղաքացիների կողմից»,-Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը:

Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ նրա նախագահության երկրորդ ժամանակահատվածում հայ-լիտվական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն տնտեսական, մշակութային և քաղաքական կապերի զարգացման ճանապարհով: «Ցանկանում եմ նաև, որ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման արդեն թափ հավաքող գործընթացը դառնա մեր երկրները միավորող ամուր և փոխշահավետ օղակ»,-ասված է Լիտվայի Հանրապետության նախագահի ուղերձում:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Հանրապետության ղեկավարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաջողություններ մաղթել գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ բարձր մակարդակի փոխհարաբերությունները երկու բարեկամ պետությունների և հայ ու լիբանանցի ժողովուրդների միջև նույն ոգով կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:

Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչն իր ուղերձում ևս մեկ անգամ հաստատել է Սլովակիայի ցանկությունը և հետաքրքրությունը՝ շարունակելու բազմակողմանի և փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Վստահ եմ՝ նախորդ տարիների ընթացքում մեր պետությունների միջև ձեռքբերված համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել փոխգործակցությունը և ինտենսիվ երկխոսությունն ինչպես մեր պետությունների կառավարությունների, այնպես էլ պետությունների ղեկավարների մակարդակով»,- ասված է Սլովակիայի նախագահի ուղերձում:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի շատ ավելի մեծ արագությամբ: «Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական և ամուր հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը՝ Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն և փառք»,-ասված է Իրանի նախագահի ուղերձում:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Հանրապետության նախագահին շնորհավորել և նրա մեծ ձեռնարկումներին հաջողություններ է մաղթել՝ բարեկամ հայ ժողովրդի փափագած առաջընթացը և բարեկեցությունը ապահովելու համար:

Իսրայելի Պետության նախագահ Շիմոն Պերեսն Իսրայելի ժողովրդի և անձամբ իր անունից Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել և հաջողություններ է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել:

Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ:

← Վերադառնալ ցուցակին