Նախագահ

Սերժ Սարգսյանի ելույթը Աշտարակ քաղաքում

14.02.2013

Սիրելի՛ աշտարակցիներ,

Մի քանի օրից դուք երկրի Նախագահ եք ընտրելու: Սակայն այս ընտրությունները միայն Նախագահի ընտրություններ չեն: Մեր նոր՝ իր քվեի զորությանը վստահող քաղաքացու ընտրություններ են: Մենք ազգովին ընտրում ենք մեր պետության նոր քաղաքացու կերպարը՝ ակտիվ, իր ուժը գիտակցող, խաբկանքներն ու վհատությունը մերժող, արթուն քաղաքացու կերպարը: Երեք օր անց մենք ընտրելու ենք մեր պետության ապագա քաղաքացու կերպարը: Ում և ինչպես կընտրեք՝ կախված է բացառապես ձեզնից: Ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող ընտրել այդ քաղաքացուն: Ուզում եմ, որ գիտենաք՝ վատ իշխանությունը կարող է վերարտադրել իրեն: Սակայն լավ քաղաքացի կերտել չի կարող: Քաղաքացուն կարող է ծնել գիտակից ու ակտիվ, եռանդուն, ինքնավստահ, իրար հազար ու մի թելով կապված ազատ հայաստանցիների հասարակությունը:

Մեկ ու կես տարի առաջ Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում ողջ գիշեր մահվան դեմ մաքառող բժիշկները փրկեցին չորսամյա Կարենի կյանքը: Դուք եք փրկել նրա կյանքը՝ ողջ երկրում որակյալ առողջապահությունը մատչելի դարձնելու ձեր պահանջով:

Տասն օր առաջ հայ զինվորները կարգապահության ու մարտական բարձր պատրաստվածության շնորհիվ ոչնչացրեցին մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարած դիվերսանտներին: Ձե՛ր շնորհիվ չեզոքացվեց վերահաս վտանգը՝ բանակի մարտունակության, մեր բանակում կարգապահության բարձրացման, մեր բանակը ժողովրդին ավելի ընկալելի ու հարազատ դարձնելու ձե՛ր պահանջով, ձե՛ր սրտացավությամբ, փոփոխությունների հասնելու ձեր համառությամբ ու հավատով: Դուք պահպանեցիք մեր զինվորների կյանքը: Դուք եք նրանց անփորձանք վերադարձնելու իրենց մայրերին: Դո՛ւք:

Ընդամենը օրեր առաջ մեր իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի կյանքի դեմ կատարված հանցագործությունն ու ձերբակալեցին հանցագործներին: Ձեր շնորհիվ է այս գործելաոճը դարձել իրականություն. իրավապահ համակարգում փոփոխությունների ձե՛ր պահանջով, երկրում անպատժելիությունը վերացնելու ձե՛ր հետևողական պատգամով:

Մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդների սրտի ջերմությունը կյանք վերադարձրեց, կրթության դուռ բացեց ու ապահով կյանքի հույս տվեց մի հրաշք մանչուկի: Գուցե հասուն տարիքում վիրաբույժի նրա ոսկե ձեռքերը հարյուրավոր կյանքեր կփրկեն ու կվերադարձնեն հարազատներին: Սա միանգամայն հնարավոր է, քանի որ ձեր ձայնին հլու, շատ շուտով կսկսի գործել անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթության ապահովման ծրագիրը: Այն հնարավոր դարձավ բացառապես ձեր շնորհիվ, ձեր կարիքներն ու կարծիքները բարձրաձայնելու արդյունքում:

Սիրելի՛ աշտարակցիներ,

Ես հիշում եմ այն օրը, երբ դեռ փոթորկահույզ մայրաքաղաքում երդվում էի երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով: Թերևս ամբողջությամբ չպատկերացնելով անգամ, թե ինչ ահռելի պատասխանատվություն եմ առնում իմ ուսերին: Սակայն այլ ելք չունեի: Հայաստանի վերքերը խորն էին: Բայց պատասխանատվության հսկայական բեռի տակ մտնողի աչքերը հայտնվում են ամենաբարդ խնդիրների լուծման հորիզոնի հարթության վրա: Եվ աչք ունեցողը տեսնում է:

Ժամանակները փոխվել են: Փոխվել է երկիրը: Փոխվել եմ և ես: Հինգ տարի շարունակ որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար մեր ջահել զավակներին խրամատ եմ ճամփել, եղել եմ նրանց կողքին, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով նրանց հետ եմ եղել ամեն օր: Ես, որ այնքան մարտական ընկերներ եմ ճամփել դեպի փառքի հավերժություն, այսօր ավելի շատ ընկերներ ունեմ անմահ հերոսների փառքի բարձունքում, քան ողջերի թվում: Ես, որ իմ գիրկն եմ առել որդեկորույս մայրերի ու հայրերի, ում զավակները դեռ պիտի մի-մի օջախի սյուն դառնային, բայց չդարձան, չդարձան, որ չմարի հայոց օջախի ծուխը ու անխախտ մնան մեր երկրի սահմանները: Ուզում եմ իմանաք՝ իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ: Ես տասնյակ մահերով եմ մահացել մեր որդիների հետ և կրկին վերածնվել՝ կյանքեր փրկելու համար: Ձեզ հետ: Միասին: Բոլորս միասին:

Ես զգացել եմ քաղաքացիական պատերազմի թոհուբոհի մեջ ամեն ինչ թողած սիրիահայ գործարարի ցավը: Նաև աշխատանքը կորցրած հայաստանցի շարքային մարդու վիշտը:

Փորձել եմ սատարել յուրաքանչյուրին, ով օգնության կանչ է հղել: Սփոփել նրանց, ում կորուստը չեմ կարողացել լրացնել: Փորձել եմ կորուստներին դիմագրավել մեր նոր համատեղ հաղթանակներով, մեր ընդհանուր ձեռքբերումներով:

Ու թեև հպարտ եմ մեր միասնական ձեռքբերումներով, ուզում եմ, որ իմանաք՝ նույնքան, թերևս ավելի շատ, ցավում եմ մեր կորուստների, իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, և որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի: Եվ սակայն երբեք չեմ մոռացել Էմերսոնի խոսքերը. «Մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ամեն անգամ ոտքի ելնելը»:

Եվ ահա այսօր ես ամուր կանգնած եմ: Ձեր դիմաց: Ձեր կողքին: Ձեր մեջ: Եվ ես երբեք ավելի վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին: Ո՛չ, ես չեմ կարծում, թե ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Ոչ էլ թերագնահատում եմ մեր առջև ծառացած մարտահրավերների դժվարությունը: Ես պատրանքներ չունեմ:

Սակայն իմ մեջ հույսը դուք եք արթնացնում:

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի երիտասարդ ուսանողուհին «Հայաստան» համահայկական հիմնադրամին իր տատիկի կողմից նվիրաբերել է 100 ԱՄՆ դոլար` աջակցելու Հայաստանի որևէ մանկատան: Նրանք՝ այդ տատն ու թոռը, ինձ հույս են տալիս:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը հպարտանում էր, որ ճգնաժամի ամենածանր օրերին, երբ արտահանման ծավալներն ու պղնձի, մոլիբդենի միջազգային գներն ընկել և ձեռնարկատերերն ահռելի կորուստներ էին կրում, 3200 աշխատողից ոչ մեկին չեն կրճատել: Դեռ մի բան էլ ավելացրել են շուրջ երկու հարյուր նոր աշխատատեղ: Որովհետև փորձառու մարդը գիտի, որ մարդկանց վստահությունը կորցնողը կորցնում է ամեն բան: Նա ինձ հույս է ներշնչում:

Իմ մտքերը մեր հայրենիքի սահմաններում գտնվող պաշտպանական հենակետերում են, որտեղ օր ու գիշեր, անձնվեր, տոկուն ու խիզախ մարտական հերթապահության են կանգնած մեր տղաները: Մեր եղբայրներն ու մեր զավակները: Աչքիս առաջ է պատանի զինվորի պայծառ դեմքը, ով երազում էր, որ զորացրվելուց հետո պիտի շարունակի ուսումն ու Տիգրանակերտի գաղտնիքները հատիկ-հատիկ բացահայտի իր ու մեզ համար: Նա է իմ հույսը:

Նրանք ինձ վերահաստատում են առաքյալի հավերժական իմաստնությունը, թե՝ «մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է…» Սերը, որը երբեք չի սպառվում... Եվ եթե դուք ունեք նույն հավատը, որ ունեմ ես, եթե ունեք նույն հույսը, որ ունեմ ես, ապա, այս ժամին մեծագույն սիրով խնդրում եմ ձեզ, իմ բոլոր հայրենակիցներին, ձեր ձայնը վստահեք ինձ...

Եթե մերժում եք այն կարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրեք ձեր ձայնն այս ընտրություններում:

Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին:

Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, որ կրթությունը մեր համարձակ և ուսումնատենչ ժողովրդի լավ վաստակի, ապահով կյանքի ու իղձերի իրականացման միակ գրավականը պիտի դառնա, եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, որտեղ յուրաքանչյուրն ունի ապահով կյանքի հնարավորություն, որտեղ բոլորն ապրում են նույն կանոններով, ապա խնդրում եմ երեք օր անց չմնաք տանը: Գնացե՛ք ձեր ընտրության հետևից: Կերտե՛ք ձեր ապագան:

Հայրենակիցնե՛ր, ես երբեք չեմ խոստացել, որ մեր ճանապարհը հեշտ է լինելու: Այժմ էլ չեմ խոստանում: Այո՛, ես ընտրել եմ դժվար ուղի: Սակայն այդ ուղին տանում է ավելի լավ Հայաստան, ավելի ապահով ու ավելի արդար Հայաստան, այո՛, մեր ընտրած ճանապարհն ավելի երկար է, սակայն այն անցնելու ենք միասին, ուս ուսի, իրար հանդեպ հարգանքով ու սիրով:

Եվ մենք հետդարձի ճանապարհ չունենք: Որովհետև հետևում ոչ ոք չի մնալու: Մենք մեկս մեկին բարձրացնելու ենք թեք ոլորաններում: Ուժ ենք առնելու մեր հաղթանակներից և սովորելու ենք մեր սխալներից: Ձեռք ենք պարզելու հոգնածներին ու վհատվածին ոգի ենք տալու: Եվ կանգուն, թե գետնատարած, մեր հայացքը սևեռված կմնա մեր երկրի վսեմ ապագայի հեռուներին՝ այն համոզմամբ, որ ապագան մերն է լինելու, որ դրախտային մեր Հայաստանի քաղաքացին լինելը պատիվ է: Նաև օրհնություն:

Կեցցե՛ Հայաստանը, որ աշխարհի ամենալավ երկիրն է:
Շատ շնորհակալ եմ: Առա՛ջ դեպի ապահով Հայաստան: 

← Վերադառնալ ցուցակին