Նախագահ

Նախընտրական հանդիպումներ Գեղարքունիքի մարզում

13.02.2013

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ:

Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման և տնտեսական աճն անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրա արդյունքում մարդկանց զբաղվածության խնդրի լուծման, բարեկեցության ապահովման մասին՝ ընդգծելով, որ այդ ամենին հասնելու համար նախադրյալներ կան:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է ընտրողներին, որ իր կողմից առաջարկվող ծրագրում ռիսկերը հասցված են նվազագույնի. «Հայաստանի Հանրապետությունը ապրում և զարգանում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու անպատասխանատվություն, արկածախնդրություն և չհիմնավորված ռիսկեր։ Դա կարող է շատ թանկ նստել մեր ժողովրդի վրա։ Ես իմ պարտքն եմ համարում խոսել այս մասին, որովհետև վերջին շրջանում մենք, ցավոք, հաճախ վկան ենք լինում էժան միավորներ հավաքելու փորձերի և ամբոխահաճության դրսևորումների։ Մենք ասում ենք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ և դրանով հակադրվում ենք փորձարարությունների և փորձանքների հորձանուտը նետված Հայաստանին։ Մենք արդեն անցել ենք այդ ժամանակները։ Եղել են այդպիսի դեպքեր, որոնք որևէ կերպ չեն նպաստել մեր զարգացմանը: Ընդհակառակը մեզ խոչընդոտել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում նա կարևորել է դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին հայության և առաջին հերթին Հայաստանում մեր ժողովրդի ներուժի համախմբումը: Նախագահը կոչ է արել չհավատալ բոլոր այն թերահավատներին ու հոռետեսներին, ովքեր օրնիբուն խոսում են փոփոխությունների անհնարինության մասին, որը նույնն է թե՝ իրենց զորքը կռվի են առաջնորդում պարտվածի հոգեբանությամբ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի:

Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը:

Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով:

Բոլոր նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան:

Եվ միայն դուք, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, կարող եք ընդհատել այս արատավոր շղթան: Միայն ձեր ակտիվությունը, միայն ձեր առողջ մոտեցումները, միայն ձեր հավատը ապագայի նկատմամբ կարող է ուղղել ամեն բան: Եվ այդպիսի հավատը, այդպիսի մոտեցումները մեզ տալու են բոլորիս զորություն կերտելու ապահով Հայաստան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: 

← Վերադառնալ ցուցակին