Նախագահ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
09.02.2013
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզի Թաթուլ, Թալին, ինչպես նաև եզդիաբնակ մի շարք գյուղական համայանքների ընտրողների հետ: Շիրակի մարզում ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Արթիկ քաղաքի, Թորոսգյուղում՝ Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջանների ներկայացուցիչների և Գյումրու թատերական հրապարակում՝ Արթիկի, Անիի, Ախուրյանի տարածաշրջանների ընտրողների հետ:
Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի, Հարություն Բաղդասարյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այս համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է նաև մշակույթի տուն, ծանոթացել իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:
Շիրակում՝ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ համայնքում, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Շիրակի ձմեռ» մարզական միջոցառմանը:
Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ իր ամբողջ աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես եղել է մեր ժողովրդի հետ, նրա կողքին և ազնիվ ու շիտակ է եղել իր մղումներում, վարքում և գործերում: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ եթե բացթողումներ էլ ունեցել է, ապա երբեք չի հրաժարվել, ձեռքերը չի լվացել դրանցից ու տեր կանգնել միայն լավին, ինչպես հաճախ արվում է, այլ արժանապատվորեն ընդունել և պատրաստ է եղել շտկելու դրանք: «Մի պարզ ճշմարտություն գիտեմ. երբեք չսխալվելու գաղտնիքը կամ երաշխիքը անբանությունն է: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ամբողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում իմ հիմնական խնդիրներից մեկն է եղել միջավայրն այդ անբաններից մաքրելը: Այդպես էլ շարունակելու եմ:
… Մենք ծույլ և անբան մարդկանցից ազատվելու ենք՝ ասպարեզ պետք է բացենք նախաձեռնող ու բանիմաց մարդկանց համար: Միայն այդ որակներով մարդկանց հետ միասին կարելի է կերտել ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Արագածոտնի և Շիրակի մարզերի ընտրողներին Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ իր գլխավորած քաղաքական թիմը փորձում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ ուղղորդելով աշխատանքային զբաղվածությունը դեպի առավելագույն արդյունք ապահովող բնագավառներ: Նա ընդգծել է, որ մենք պետք է ի զորու լինենք այդ կարողություններին ավելացնել նոր կարողություններ, նոր գիտելիքներ տալ ժամանակակից աշխարհում ճիշտ կողմնորոշվելու համար, որպեսզի կարողանանք դրանով իսկ օժանդակել մարդկանց՝ իրենց տեղը գտնելու արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում: Նախագահը կարևորել է հատկապես կրթության ոլորտը, որտեղ, նրա խոսքով, միջոցներ երբեք չեն խնայվել ու չեն խնայվելու, և այսուհետ էլ ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր երեխաները սովորեն լավագույն պայմաններում, ժամանակակից աշխարհում ստանան անհրաժեշտ գիտելիքներ: Պետությունը, ՀՀ նախագահի թեկնածուի հավաստմամբ, միջոցներ է հայթայթում նաև սոցիալապես անապահով երիտասարդների համար անվճար բարձրագույն կրթություն ապահովելու նպատակով: «Այս ամենը նշանակում է, որ մենք վաղն ունենալու ենք ավելի որակյալ, ավելի կարող աշխատանքային ուժ և կարողանալու ենք այդ աշխատանքային ուժով լինել մրցունակ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև Հանրապետության յուրաքանչյուր բնակավայրում ապրելու և արարելու հարմարավետ պայմաններ ստեղծելու, ծառայությունների անհրաժեշտ որակ ու մատչելիություն ապահովելու կարևորության և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: