Նախագահ

Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրի քաղաքում

09.02.2013

Բարև ձեզ, սիրելի՛ գյումրեցիներ,

Շնորհակալ եմ, որ ձմռան այս օրը եկել եք այս հանդիպմանը: Ակնկալում եմ, որ եկել եք ոչ միայն լսելու, այլ նաև սատարելու:

Անկեղծ ասած՝ չեմ էլ հիշում, թե Հանրապետության նախագահի կամ դրանից առաջ՝ պետական այլ պաշտոններում, իսկ ավելի առաջ՝ ուսանողական տարիներին, քանի անգամ եմ հյուրընկալվել ձեզ: Հյուրընկալվել, այս դեպքում, բառի ամենաուղիղ իմաստով: Ինչ առիթով, ինչ օրակարգով էլ նման այցելությունները լինեն, խոստովանում եմ, երկու բան Գյումրիից ինձ հետ միշտ տարել եմ` ավելի մեծ լավատեսություն և, բնականաբար` նոր հումոր: Արդեն ավելի քան երեսուն տարի է անցել, բայց ես միշտ հիշում եմ մի փայլուն անդրադարձ, որը շատ բնութագրական է: 1980 թվականին՝ մոսկովյան օլիմպիադայից հետո, երբ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն` հեղինակելով մինչ այսօր չգերազանցված ռեկորդներ, գյումրեցուն հարցնում են. «Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր»: Գյումրեցին պատասխանում է. «Որովհետև Լենինականից միայն Յուրիկին էինք ուղարկել օլիմպիադա»:

Հումորի բարձր զգացումը, նախևառաջ, ձեզ բնորոշ մի յուրատեսակ փիլիսոփայություն է՝ աշխարհի ցանկացած անկյունում չհանձնվելու ճակատագրի ու կյանքի բերած որևէ դժվարության, չընկրկելու որևէ բարդության առաջ, հումորով, նաև հումորի մոգական ուժով ու անսահման լավատեսությամբ հաղթահարելու առաջին հայացքից անհաղթահարելի թվացող շատ ու շատ խնդիրներ: Մի՞թե հնարավոր է ավելի լավ բնութագրել ձեզ` գյումրեցիներիդ, մի՞թե հնարավոր է ավելի համառոտ և դիպուկ բնորոշել գյումրեցու հոգեկերտվածքը, քան այն հանճարեղ դրվագը, որը 1988 թվականի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին ողողեց մայրաքաղաքային ու խորհրդային մամուլը: Երբ փլատակների տակից նոր դուրս բերված վիրավոր գյումրեցին փրկարարին հարցնում է. «Խոմ Էրևանին բան չի՞ էղե»:

Սիրելի՛ գյումրեցիներ,

Երբ այցելում եմ ձեզ, միշտ ունենում եմ երկակի զգացումներ: Մի կողմից Գյումրու և գյումրեցու նկատմամբ պարտավորվածության զգացում, որն ինձ հուշում է ավելին, գուցե նաև անհնարինն անելու, որպեսզի օր առաջ Գյումրին դառնա ավելի բարեկեցիկ ու բարեկարգ` վերագտնելով իր երբեմնի հպարտությունն ու քաղաքային կյանքին բնորոշ նախանձելի որակները: Մյուս կողմից ունեմ հանգստության ներքին զգացում, քանի որ այս տարիների ընթացքում շարունակել ենք Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ և ո՛չ էլ հոգատարություն ու ուշադրություն:

Այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որը սարսափելի ավերածություններ առաջացրեց աշխարհի շատ` անգամ բարեկեցիկ երկրների տնտեսություններում: Ցավոք, մենք էլ անմասն չմնացինք այդ աղետի բացասական հետևանքներից ու հարվածներից, որոնց ուժգնությունն իր վրա վերցրեց հատկապես մեր տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` շինարարությունը: Արձանագրվեցին տնտեսական անկման աննախադեպ ցուցանիշներ: Բայց նույնիսկ այս պայմաններում մենք երբեք չենք դադարեցրել աղետի գոտու վերականգնմանն ուղղված շինարարական աշխատանքները` այն դիտարկելով որպես ճիշտ այնպիսի առաջնահերթություն, ինչպիսին սոցիալական ու ռազմական ծախսերն են մեր պայմաններում գտնվող որևէ պետության համար:

Իմ խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները: Այսօր գյումրեցուն պետք է տանիք, կայուն աշխատանք և հավատ վաղվա օրվա հանդեպ: Մեր աշխատանքներն ու ջանքերն այս երեք ուղղություններով երբեք չպետք է դադարեն և, ամենակարևորը, պետք է լինեն փոխկապակցված: Հակառակ պարագայում` եթե մարդուն ապահովում ես բնակարանով ու զուգահեռաբար հնարավորություն չես տալիս աշխատելու և արդյունքում մատնում աղքատության, ապա կորչում է նաև վաղվա օրվա նկատմամբ հավատը: Հետևաբար, մայրաքաղաքային, մարզային ու տեղական-համայնքային իշխանությունների համադրված գործողությունների առաջնահերթություններ են դառնալու.

- արտադրական նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծումը,
- հարկային քաղաքականության նոր մոտեցումներով ներդրումները դեպի համայնքներ ուղղելը,
- քաղաքային տնտեսությունը կարգի բերելն ու քաղաքային համայնքին վայել ենթակառուցվածքների ձևավորումը,
- բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,
- քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավումը և շատ ու շատ ադպիսի խնդիրներ:

Գյումրին պետք է դառնա մեր առավել արագ և դինամիկ զարգացող քաղաքային բնակավայրերից մեկը: Նաև սա է լինելու մեր ապահով հայրենիքի հիմնական ցուցիչներից մեկը:

Գաղտնիք չէ, որ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից 18 տարի անց այս բնագավառում ունենք վերանայումների և սրբագրումների կարիք: Առաջիկա տարիներին քայլեր ենք ձեռնարկելու` ապահովելու համապատասխանությունը տեղական իշխանությունների իրավասությունների և ֆինանսական ռեսուրսների միջև՝ հետևողականորեն ավելացնելով համայնքների ինքնակազմակերպման հնարավորությունները: Միևնույն ժամանակ, համայնքներում հետևողականորեն ավելացնելու ենք ծառայությունների տեսականին՝ բարձրացնելով դրանց որակը: Համայնքային ծառայությունների և դրանց մատուցման որակը հանրապետության տարբեր բնակավայրերում համադրելի դարձնելը ևս առաջիկա տարիներին մեզ համար լինելու է առաջնահերթություն:

Երբ խոսում էի տեղական ինքնակառավարման համակարգում սրբագրումների անհրաժեշտության մասին, որպես առաջնահերթություն, ես նկատի ունեի նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների` ավագանու դերը բարձրացնելու հրատապությունը: Անհրաժեշտ է համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների և նրա գործունեության նկատմամբ սահմանել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Վստահ եմ, որ հասարակության կողմից վերահսկողության արդյունավետության բարձրացումը կբերի տեղական իշխանության մարմինների գործունեության թափանցիկության, հետևաբար` արդյունավետության բարձրացման: Այս առումով, ողջունելի է այն դրական առաջխաղացումը, որը տեսանելի է դառնում Գյումրիում:

Սիրելի՛ գյումրեցիներ,

Անհնարին է գտնվել այստեղ` Գյումրիում և չխոսել մշակույթի մասին, չհիշել մեր ազգային մշակույթի այն հսկաներին, այն սյուներին, որոնց ծնել ու մեծացրել է Գյումրին: Ես հավատում եմ Գյումրու նոր մշակութային ոսկեդարին: Առաջիկա տարիներին մենք շարունակելու ենք Երևանի «բեռնաթափման» համալիր ծրագիրը` պետական, նաև կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ բաշխելով հանրապետության այլ տարածքներում: Այս ուղղությամբ, վերընտրվելու պարագայում, ոչ շատ հեռու ապագայում, կլինի որոշում, որը, վստահաբար, դուր կգա գյումրեցիներին:

Ինչպես գիտեք, այս տարի Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Որքան էլ օրինաչափ, համաձայնվեք, նույնքան էլ պարտավորեցնող խորհուրդ ունի մշակութային մայրաքաղաքի համբավը: Վստահ եմ, որ պետական իշխանության մարմինների աջակցությամբ Գյումրին կփորձի առավելագույնս օգտվել ընձեռված այս բացառիկ հնարավորությունից` ձևավորելով ու վերագտնելով Գյումրուն բնորոշ մշակութային յուրահատուկ մթնոլորտը, վերարժևորելով մշակութային իր ինքնատիպ ժառանգությունը, նոր սերնդին, Գյումրի այցելող մեր հայրենակիցներին ու օտարերկրացիներին հաղորդակից դարձնելով այդ հսկա ժառանգությանը:

Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ` հանրապետական և տեղական իշխանության մարմիններին, գյումրեցիներին ու նրա աշխարհասփյուռ զավակներին և բարեկամներին այլ բան չի մնում, քան անել հնարավորը Գյումրու հանդեպ մեր ունեցած յուրօրինակ սիրուց ու զգացումներից վերակերտելու այն Գյումրին, ձևավորելու այն միջավայրը, որ բոլորիս պարտադրել է պատվախնդիր գյումրեցին:

Տեսանելի ապագայում Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Գյումրին Երևանին է կապված լինելու նոր, ժամանակակից արագընթաց մայրուղով: Հավատացնում եմ ձեզ, որ դա արդեն որակապես նոր Գյումրի է լինելու: Եվ դա լինելու է շատ շուտով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, սիրելի գյումրեցիներ: Փետրվարի 18-ին քվեարկեք «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի համար. դա ապահով հայրենիքի, ապահով Գյումրու և բոլոր ապահովված ընտանիքների ծրագիրն է: Օգնեք ինձ` միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու և՛ դուք, և՛ մենք: Շատ շնորհակալ եմ մեկ անգամ ևս, որ դուք այսօր այստեղ եք, սիրելի գյումրեցիներ և հույս ունեմ, որ Գյումրին Հանրապետության մնացած համայնքների հետ միասին կանի ամեն ինչ, որպեսզի անցկացնենք լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ: Ու նաև այս ընտրությունների և՛ արդյունքից, և՛ որակից է կախված, թե ինչպիսի տեմպերով կզարգանա Գյումրին:

Շնորհակալություն:
Ցտեսություն: 

← Վերադառնալ ցուցակին