Նախագահ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների հետ

26.01.2013

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում ունեցավ հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ էր : Վերջիններս անդրադարձան ընտրության օրը՝ ընտրատեղամաս հաշմանդամների այցելելու խնդրին, նշեցին, որ շատ շինություններում, որտեղ տեղադրված են ընտրատեղամասերը, բացակայում է համապատասխան թեքահարթակ, դռները նեղ են, իսկ երբեմն՝ քվերարկությունն անցնում է ոչ թե առաջին, այլ երկրորդ հարկում:

Մտահոգություն արտահայտվեց նաև լսողության հետ խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպաններից: Միաժամանակ ՀԿ ներկայացուցիչները հիշեցրեցին ԱԺ նախագահին, որ Հայաստանը ստորագրել է հաշմանդամների իրավունքները պաշտպանող մի շարք միջազգային կոնվենցիաներ:

«Սայլակներով հաշմանդամների համար շատ դժվար է ոչ միայն մտնել որոշ ընտրատեղամասեր, այլ՝ անհնար, եթե քվեատուփերը լինում են երկրորդ հարկում: Դժվարամատչելի է տեղամաս գալը նաև տարեցների համար, և անհնար՝ անկողնային հիվանդ քաղաքացիների համար: Ցանկալի կլիներ, որ լինեին շրջիկ քվեատուփեր», - ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ այս քարոզարշավի ժամանակ գրեթե բոլոր թեկնածուների կողմից անտեսվել են վատ լսողություն ունեցող կամ ընդհանրապես չունեցող անձանց իրավունքները և ծրագրերի ներկայացման սուրդոթարգմանություն չի արվում:

Մտավոր արատ ունեցող անձանց աջակցության կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանն էլ նշեց, որ քվեարկության օրը ընտրատեղամաս չներկայանալու դեպքում խաթարվում են նման խնդիներ ունեցող անձանց իրավունքները:

«Խնդրում եմ, գոնե այս անգամ օգնել մտավոր արատ ունեցող անձանց, և չհավասարեցնել նրանց հոգեկան շեղում ունեցող մարդկանց հետ», - ասաց նա:

«Աշխարհն առանց արգելքների » ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը նշեց, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունի 165 հազար հաշմանդամ ՝ ընտրողների թվի գրեթե 6 տոկոսը, սակայն նման ընտրողներ ընդունելու համար պատրաստ է ընտրատեղամասերի միայն մոտ 25 տոկոսը: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժեր՝ հերթական ընտրություններից առաջ խոստումներ են տալիս՝ աջակցել հաշմանդամների հիմնական հարցերում, սակայն որևէ լուրջ քայլ չի արվում:

«Մենք լուրջ խնդիր ունենք, ինչու են քաղաքական ուժերն անտեսում այս ընտրազանգվածը: Ճիշտ է, վերջերս դրական տեղաշարժ կա ներառականմ կրթության և որոշակի՝ ընտրություններին մասնակցության հարցերում , բայց որևէ տեղաշարժ չենք տեսնում մատչելի տրանսպորտի և այլ հարցերում», - ասաց նա: «Փյունիք» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան նաև սպորտի հարցում , և թեև սպորտսմեն հաշմանդամների ֆինանսավորման համար մեծ գումարներ են հատկացվում բյուջեից, բայց սպորտի նախարարության կողմից որևէ քայլ չի արվել ՝ պարօլիմպիկ խաղերի մասնակցության համար:

Պատասխանելով ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համապատասխան օրենդրական դաշտով և կվերահսկի նաև արդեն իսկ գործող օրենքների իրականացումը:

«Այն կլինի իմ անմիջական վերահսկողության ներքո, կարևորն արդյունավետ աշխատանքն է», - շեշտեց նա:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ պետք է լուծում գտնեն տրանսպորտի, քաղաքաշինության, աշխատանքի և սպորտի ոլորտներում առկա խնդիրները:

«Ես իմ խոստումներն իրականացնում են: Համապատասխան մասնագետներ կներգրավենք, ՀԿ-ներին, քաղաքական ուժերին: Ինձ թվում է, որ չի լինի որևէ պատգամավոր, որ հաշմանդամների խնդիրների լուծմանը չփորձի աջակցել», - ասաց նա՝ ցանկություն հայտնելով, որ այս աշխատանքային խմբում ներառվեն հաշմանդամ անձանց իրավունքները պաշտպանող բոլոր ՀԿ-ները՝ մեկական ներկայացուցչով:

«Դա նաև հնարավորություն կտա առաջնային ծախսերի մեջ կողմնորոշվել, և մի գուցե կառավարության որոշել մի ճանապարհ ասֆալտապատելու փոխարեն նպատակաուղղել ֆինանսական միջոցները կոնկրետ խնդրի լուծմանը», - ասաց նա և նշեց, որ միայն ընտրություններից առաջ հաշմանդամների հիմնահարցերի բարձրաձայնումն անթույլատրելի է և նման հանդիպումները պետք է ունենան շարունակություն:
Հ.Աբրահամյանը նաև անդրադարձավ ընտրատեղամասերի մատչելիության խնդրին ՝ շեշտելով, որ բոլոր պայմանները պետք է ստեղծվեն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացին կարողանա ազատ արտահայտել իր կամքը: 

← Վերադառնալ ցուցակին