Նախագահ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ

21.01.2013

Սիրելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ երիտասարդներ,

Մենք սկսում ենք նախընտրական պայքարը: Այս գեղեցիկ հոլովակի խորհրդի ներքո մոտ մեկ ամիս շրջելու ենք հանրապետության քաղաքներով ու գյուղերով, հնարավորության սահմաններում հասնելու ենք բոլոր քաղաքներ, համայնքներ, թաղեր կամ բակեր: Մեծ աշխատանք է սպասվում մեզ բոլորիս: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ ծանր աշխատանք են կատարելու` գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և ապահով Հայաստանի նպատակադրումը մեր երկրի բոլոր անկյունները հասցնելու համար: Ու քանի որ սա հենց սկիզբն է, խնդրում եմ ձեզ ընտրարշավի ընթացքում անընդհատ, ամեն րոպե հիշել իմ հետևյալ հորդորները.

- Հիշեք, որ մեր նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջ հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է, ոգևորության ու հավատի ամրապնդման համար է. սրանք իսկապես էական են ապագա տարիների կարևոր գործերի համար: Մեր երկիրը միասին պիտի փոխենք, այդ միասնականության աստիճանը բարձրացնելու համար է նաև մեր նախընտրական արշավը:

- Հիշեք, որ մենք երբեք չենք ընդունել և այսօր էլ չենք ընդունում մեր հասարակության ներսում հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու, որևէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը, մենք որևէ բան քանդելու կոչեր չենք անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող` արմատացած արատավոր երևույթներ չեն:

- Հիշեք, որ մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, մեր գաղափարները վերջին ատյանի ճշմարտություններ չեն, մենք էլ` անսխալական չեն: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր դիրքորոշման հետ. չի բացառվում, որ այդ քննադատության մեջ է հենց այն թեզը, որը վաղը որևէ հարցի շուրջ մեր աշխատանքը էապես արդյունավետ է դարձնելու:

Եվ այսպես.

մենք քննարկում ենք, այլ ոչ թե նյարդայնանում հակառակ կարծիքից,

մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և դեպի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում, այլ ոչ թե սևացնում ենք մեր մրցակիցներին,

մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաև չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, այլ ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ,

մենք մեր սերն ու ջերմությունն ենք տանում Հայաստանի բոլոր համայնքներ: Ալբերտի երգի ջերմ ելևէջներն ու այս հոլովակի կանաչ տերևների ուղերձն ենք վերցրել հետներս` գարնան ու զարթոնքի ուղերձը...

մենք այս ընտրապայքարով նաև սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը: Մեր ծրագիրն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է, Ալբերտի երգն էլ է դրա մասին: Ու տասնյակ հազարավոր շուրթերից մենք դեռ պիտի լսենք այդ նվիրական բառերը՝ մենք տուն եկանք: Եվ դա մենք միասին ենք անելու:

Ուրեմն, հաջողություն մեզ:
Թող Տիրոջ օրհնությունը ուղեկից լինի մեզ:
Ու թող մեր ժողովրդի հնարավոր առավելագույն հատվածը հավատա, որ միասին մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, Ապահով Հայաստանի ճանապարհով:
Ուրեմն, առա՛ջ դեպի ապահով Հայաստան: 

← Վերադառնալ ցուցակին