Նախագահ

Հանդիպում Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ

21.01.2013

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանն ավանցիներին առաջարկել է հանդիպումն անցկացնել երկխոսության ձևաչափով՝ առավելապես անդրադառնալով ներկաներին հետաքրքրող հարցերին, նկատի առնելով, որ իր ողջ գործունեությունը մշտապես եղել է նրանց աչքի առջև:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մինչ հարցուպատասխանը հանգամանորեն խոսել է արդարության և հասարակության մեջ դրա ընկալման կարևորության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ իր համոզմամբ, ապահով Հայաստան կարող է լինել միայն արդար Հայաստանում: «Արդար Հայաստան՝ նշանակում է երկիր, որտեղ գերիշխում է միայն ու միայն օրենքի ուժը, այլ ոչ թե ուժի օրենքը: Ո՛չ մի բան չի կարող մարդկանց այդքան հիասթափեցնել, որքան արդարության բացակայությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ օրենքի ուժով հաղթելու համար պետք է միավորել ջանքերը: Այդ խնդրի լուծման առաջին պատասխանատուն, ՀՀ նախագահի թեկնածուի կարծիքով, պետությունն է՝ իրավապահ մարմիններով հանդերձ, սակայն առանց հասարակության աջակցության, առանց մարդկանց ակտիվ ներգրավվածության, անհնար է հաջողության հասնել:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին, անդրադարձել արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև արդար դատական համակարգի, ոստիկանության ու մի շարք ոլորտներում առաջիկա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերին: 

← Վերադառնալ ցուցակին