Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

12.01.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի և գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ, շրջայցի ընթացքում ծանոթացել իր հանձնարարությամբ անցյալ տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին կրթական այս հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված մասնակի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքներին: Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է նաև հանրապետության մշակութային կրթական այս հաստատության ընթացիկ խնդիրները, զարգացման ծրագրերը, դրանց իրագործման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը պետական կոնսերվատորիայում ունկնդրել է միջազգային և հանրապետական մրցույթներում մեծ հաջողությունների հասած կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ երաժշտական համարներ, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին, բուհի շրջանավարտների և ուսանողների հաջողությունների մասին անթաքույց հպարտությամբ խոսող կրթական այս հաստատության ղեկավարությանը՝ վաստակի և այն կարևոր աշխատանքի համար, որ տասնամյակներ շարունակ մեր երկրում իրականացրել և իրականացնում է կոնսերվատորիան: «Ձեր առաքելությունը՝ զարգացնել մեր ազգային երաժշտությունը, իրոք, հարգանքի է արժանի: Ես եկել եմ հարգանքի տուրք մատուցելու ձեզ և այն մարդկանց, ովքեր ձեզնից առաջ են այստեղ աշխատել, բնականաբար, նաև այն մարդկանց, ովքեր շարունակելու են ձեր գործը: Եվ որպեսզի դուք կարողանաք ձեր առաքելությունը կատարել հավուր պատշաճի, պետք է որոշակի պայմաններ ունենալ: Դրա համար էլ փորձում ենք այդպիսի պայմաններ ստեղծել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է նաև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ընդգրկում է բացառիկ բնօրինակներ Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և Մատենադարանի հավաքածուներից: Ցուցադրված են Նոր Ջուղայում արված XVII դարի ձեռագիր մատյաններ, Նոր Ջուղայի տպարանում 1638-1641թթ. տպագրված առաջին գրքերը, Մադրասում, Կալկաթայում հրատարակված հնատիպ գրքերի նմուշներ, Մադրասում 1794թ. հրատարակված հայերեն առաջին պարբերականը` «Ազդարարը», Նոր Ջուղայի հոգևոր մշակույթին ու կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի:

Նախագահը դիտել է նաև թանգարանում ներկայացված «Հայկական գորգարվեստ՝ XVII մինչև XIX դդ.» ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից: Թանգարանում հնագիտական, ազգագրական նյութերի և գորգերի համադրմամբ ի ցույց է դրված պատմական և գիտական այն իրողությունը, որ գործվածքների և գորգերի արտադրության ակունքները Հայաստանում հասնում են հազարամյակների խորքերը:

Հայաստանի պատմության թանգարան այցն ավարտելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, հին տոմարով Նոր տարին նշել է մշակույթի գործիչների հետ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:

← Վերադառնալ ցուցակին