Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

03.11.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել զեկուցված հարցերի և դրանք ներառող ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Օրակարգի շրջանակներում ներկայացվել են հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման վերաբերյալ հարցը:

Քննարկված հարցերի թվում առաջարկ է ներկայացվել նաև «ՀՀ հանրային խորհրդի մասին» օրենք ունենալու վերաբերյալ: ՀՀ նախագահի կարգադրությամբ, օրենքի նախագիծը մշակելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն ՀՀ ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ ևս:

Հայկական հեռուստաեթերի բարեփոխման ուղղությամբ Հանրապետության նախագահին ներկայացվել են Հանրային խորհրդի առաջարկները՝ կապված Հանրային հեռուստատեսության եթերային քաղաքականության, Հանրային հեռուստատեսությունում առևտրային գովազդը սոցիալական գովազդով փոխարինելու, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու, հեռուստաընկերություններին ներկայացվելիք պահանջները հստակ ձևակերպելու և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք այլ ուղղությունների հետ: Հանրապետության նախագահն ընդունել է Հանրային խորհրդի առաջարկը՝ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր միասին կաշխատեն բարեփոխումների ծրագիր ներկայացնելու ուղղությամբ:

Օրակարգի շրջանակներում քննարկված հաջորդ հարցի կապակցությամբ որոշվել է ջրային պաշարների արդյունավետ կառավարման, մասնավորապես՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման խնդիրների կարգավորման նպատակով հանձնարարել Կառավարությանը՝ Հանրային խորհրդի հետ մշակել համապատասխան ծրագիր:

Որոշվել է նաև Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը ներկայացնել Կառավարության քննարկմանը:

Հանրային խորհրդի անդամները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը քննարկել են նաև հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին