Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
19.10.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին:
Նախագահը կարևորել է Երևանում անցկացված «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովը և բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում:
Համաժողովի խորագիրը և մասնակիցների ներկայացուցչական կազմը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, վկայում են, որ այն հետաքրքիր, բովանդակալից և օգտակար է եղել բոլոր մասնակիցների համար:
Տալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ զբոսաշրջության դերը մեծ է նաև մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանության և միջմշակութային հարաբերությունների ձևավորման գործում:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաին մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, այդ ոլորտում մեր երկրում առկա մեծ ներուժի և ոլորտի զարգացման նպատակով Հայաստանի հարաբերական առավելությունների լիարժեք օգտագործման շուրջ: