|
|
6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են մարզային կուսակցական կազմակերպություններ, որոնք կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են: Մարզային խորհուրդը կազմվում է մարզի տարածքում գործող տարածքային կազմակերպությունների նախագահներից եւ նրանց տեղակալներից:
6.2. Կուսակցության մարզային խորհրդի նախագահը եւ նրա տեղակալը ընտրվում են մարզային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Մարզային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել մարզային խորհրդի նախագահի եւ նրա տեղակալի վաղաժամկետ ընտրություն: Այն տարածքային կազմակերպությունը, որի ղեկավարն ընտրվում է մարզային խորհրդի նախագահ կամ նրա տեղակալ, ընտրում է նոր ղեկավար: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 15 օր առաջ մարզային խորհուրդը կատարում է մարզային խորհրդի նախագահի եւ նրա տեղակալի նոր ընտրություն:
6.3. Կուսակցության մարզային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Մարզային խորհրդի որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով:
6.4. Կուսակցության մարզային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է կուսակցության խորհրդին: Հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ` կուսակցության մարզային խորհրդի նախագահի կողմից:
6.5. Կուսակցության մարզային խորհուրդը վերահսկում է տարածքային կազմակերպությունների աշխատանքները: Կուսակցության մարզային խորհուրդը կարող է լուծարել կուսակցության սկզբնական կազմակերպությունը` իր նախաձեռնությամբ կամ կուսակցության տարածքային կազմակերպության առաջարկով: Կուսակցության մարզային խորհուրդը կուսակցության տարածքային կազմակերպության լուծարման հարցը կարող է ներկայացնել կուսակցության խորհուրդ:
7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
7.1. Կուսակցության խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել եւ լուծարվել կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ:
8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
8.1. Կուսակցության համագումարը կուսակցության բարձրագույն մարմինն է, որի ընդունած որոշումները պարտադիր են կուսակցության մարմինների, անդամների համար:
8.2. Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Կուսակցության խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից մեկ ամիս առաջ կուսակցության նախագահը հրավիրում է կուսակցության խորհրդի նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:
8.3. Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը որոշում է կուսակցության խորհուրդը` ելնելով կուսակցության անդամների ընդհանուր թվից: Պատվիրակները առաջադրվում են սկզբնական կազմակերպությունների ժողովներում: Համագումարն իրավազոր է, եթե ներկա է (գրանցված է) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Համագումարի որոշումներն ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ կանոնադրության ու ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության կողմից hանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցերի, որոնց դեպքում որոշումներն ընդունվում են պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների ձայների 1/3-ի պահանջով:
8.4. Կուսակցության համագումարը`
լսում եւ հաստատում է կուսակցության նախագահի հաշվետվությունը.
քննարկում եւ հաստատում է կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը եւ դրանցում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.
ընտրում է կուսակցության նախագահ.
ընտրում է կուսակցության խորհուրդ.
որոշում է կուսակցության ռազմավարական քաղաքական ուղին, կուսակցության նպատակների իրագործման գործելակերպը.
լսում եւ հաստատում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը.
ընտրում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողով` կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման համար, որի անդամների թիվը հաստատում է կուսակցության համագումարը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամը կուսակցության խորհրդի անդամ լինել չի կարող: Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրում են հանձնաժողովի նախագահ: Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է միայն կուսակցության համագումարին.
որոշում է ընդունում կուսակցության լուծարման մասին: Լուծարման հարցը համագումարի օրակարգ կարող է մտցվել կուսակցության խորհրդի անդամների 2/3-ի կողմից ընդունված որոշմամբ: Լուծարման մասին որոշումն ընդունվում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը ՀՀ օրենքով սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքային եւ ֆինանսական միջոցները` համաձայն համագումարի որոշման:
|
|