|
|
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (այսուհետեւ` կուսակցություն, հապավումը` ՀՀԿ) իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրության եւ սույն կանոնադրության հիման վրա:
1.2. Կուսակցությունը գործում է ժողովրդավարության եւ նախաձեռնությունների ազատ դրսեւորման սկզբունքներով, օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ընձեռված բոլոր իրավունքներից եւ կրում դրանցով սահմանված պարտավորություններ:
1.3. Կուսակցությունը ձգտում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով ապահովել իր ներկայացուցչությունը ՀՀ Ազգային ժողովում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում. այդ ճանապարհով մասնակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը ու պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
2. ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Կուսակցությունն իր գործունեության նպատակներն ու խնդիրներն է համարում`
հայոց ազգային անկախ պետականության ամրապնդումը եւ զարգացումը.
ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտումը. ,
ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում` իշխանությունների կազմավորման գործընթացին, պետության կառավարմանը մասնակցելը
ՀՀ քաղաքական համակարգի կայունացմանն ու ամրապնդմանը նպաստելը.
քաղաքացիական հասարակության կառուցմանն օժանդակելը:
3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
3.1. Կուսակցության անդամները պետք է ընդունեն կուսակցության ծրագիրը, գործեն կանոնադրության շրջանակներում չհանդիսանան այլ կուսակցության անդամ:
Կուսակցության անդամ կարող են լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք` առանց կուսակցության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
3.2. Կուսակցությանն անդամագրվում են անձնական դիմումի համաձայն`
կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ.
կուսակցության մարզային կազմակերպության խորհրդի որոշմամբ.
կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ:
3.3. Կուսակցության անդամն անդամագրվում է կուսակցության որեւէ սկզբնական կազմակերպության:
3.4. Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է):
3.5. Եթե ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով կուսակցությանն անդամակցությունը անթույլատրելի է դառնում, այն կասեցվում է կուսակցության անդամի դիմումի հիման վրա, տարածքային կազմակերպության խորհրդի կամ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ: Կասեցման վերացումը կատարվում է նույն կարգով:
3.6. Կուսակցության անդամն իրավունք ունի`
ընտրել եւ ընտրվել կուսակցության եւ տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների մշտապես գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ.
կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ.
մասնակցել այն ժողովին եւ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.
դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն.
բողոքարկել կուսակցության սկզբնական, տարածքային եւ մարզային մարմինների որոշումները կուսակցության վերադաս մարմիններում:
3.7. Կուսակցության անդամը պարտավոր է`
գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում.
կատարել կուսակցության վերադաս մարմինների որոշումները.
մասնակցել իր սկզբնական կազմակերպության ժողովներին եւ միջոցառումներին:
3.8. Կուսակցականի խրախուսման միջոցները.
գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում.
շնորհակալագրով.
պատվոգրով.
թանկարժեք նվերով կամ դրամական խրախուսանքով:
3.9. Իր կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության`
նկատողություն.
անդամության կասեցում մինչեւ 6 ամիս ժամկետով.
հեռացում կուսակցության շարքերից:
|
|