Լուրեր

«Պատիվ» ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

07.06.2021

ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ
 
Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։
 
 
2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերի և սպիտակների»: Ստով ու կեղծիքով եկան իշխանության և դրանք դարձրին իշխանությունը պահելու միջոցներ:
 
Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:
 
Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքում ունեցանք ծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:
 
Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:
 
Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալու, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։
 
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
 
 
Առկա իրողություններում մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:
 
Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։
 
Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:
 
Մենք համոզված ենք՝ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականությա՞ն մեջ, թե՞ վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:
 
ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ
 
Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:
 
Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկրի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:
 
«Հայրենիք» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «Հայրենիք» կուսակցությունը հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:
 
Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:
 
Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։
 
ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ
 
Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության մեջ եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնելու մեր Հայրենիքին ու ժողովրդին:
 
Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:
 
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ 
 
Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքը «Ազգ-բանակ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:
Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացման և սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։
Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
 
Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ՝ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:
 
Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին:
 
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք
 
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1.    Արդյունավետ պետական կառավարում
Դաշինքի նպատակը արդյունավետորեն գործող պետական կառավարման համակարգի մարմինների երաշխավորումն է։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
 
երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության անշեղորեն կատարում և ժողովրդավարության ու ժողովրդի անվան ներքո դրանց շրջանցման անթույլատրելիություն,
պրոֆեսիոնալ և թափանցիկ հանրային կառավարման իրականացում,
պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավում։
Նշված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է բարեփոխումների տևական ու բարդ փուլ՝ ուղղված պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը։  Մասնավորապես.
 
1. Պետք է բարձրացնել պետական կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը, այդ թվում` հանրապետական և տարածքային մարմինների և դրանց ղեկավար կազմի լիազորությունների ու պարտավորությունների ծավալի օպտիմալացման, կրկնվող լիազորություններն ու պարտավորությունները վերացնելու, աշխատանքի մեթոդների փոփոխության, պատշաճ պլանավորման և կատարողականի գնահատման ժամանակակից համակարգերի ներդրման, թվային համակարգերի զարգացման միջոցով։
 
2. Պետական ծառայության համակարգը պետք է համալրվի բացառապես պրոֆեսիոնալ կադրերով՝ զուգորդված հանրային ծառայողների մասնագիտական պատրաստականության շարունակական կատարելագործումն ապահովող գործուն մեխանիզմներով։
 
3. Միաժամանակ, պետական ծառայողներին ներկայացվող բարձր պատասխանատվությունը պետք է ապահովված լինի համաչափ երաշխիքներով, այդ թվում՝ արժանապատիվ վարձատրություն, պարգևավճարների ողջամիտ և թափանցիկ կառուցակարգեր, կենսաթոշակային և սոցիալական երաշխիքներ, պաշտոնում կայունություն և առաջխաղացման կանխատեսելիություն։
 
4. Պետք է ներդնել պետական միջոցների տնօրինման արդյունավետ մեխանիզմներ, առաջին հերթին` պետական գնումների ոլորտում՝ որոշումների կայացման արդյունավետ և ինքնաշխատ մեխանիզմների գործարկման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման միջոցով։
 
5. Պետք է բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունն այնպես, որ քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտներն ու շահառու այլ անձինք նշված ծառայությունները ստանան ողջամիտ կարճ ժամկետներում, առանց բյուրոկրատական քաշքշուկների, հնարավորինս ինքնաշխատ ու առցանց եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանրապետության բոլոր բնակավայրերի համար համադրելի ֆիզիկական հասանելիությամբ։
 
6. Պետք է վերանայել կառավարության կառուցվածքը և վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի նախարարությունները:
 
Այս և այլ բարեփոխումներն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․
 
Առաջնորդվել երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության գերակայության և դրանով հանրային իշխանության կաշկանդված լինելու սկզբունքով,
Ապահովել պետական մարմինների կողմից միմյանց նկատմամբ և յուրաքանչյուրին վերապահված իրավասության ոլորտի նկատմամբ հարգանքի սկզբունքը։
2. Արդարադատություն և դատական իշխանություն
 
Դաշինքը հավատացած է, որ իրավական պետության մեջ մարդու իրավունքների ու ազատությունների առաջնային երաշխավորը անկախ և արդյունավետ դատական համակարգն է: Առավել ևս խորհրդարանական կառավարման ձևում, դատական իշխանությունը քաղաքական մեծամասնությանը հավասարակշռող և զսպող միակ գործուն իշխանությունն է։ Ուստի, մեր նպատակը արդյունավետ, անկախ և թափանցիկ արդարադատության համակարգի երաշխավորումն է։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
 
անկախ և հանրության առաջ հաշվետու դատական իշխանության կայացումը,
դատավորների բարձր մասնագիտական պատրաստականության ապահովումը,
դատարանների հասանելիությունը և դատավարական ընթացակարգերի պարզեցումը,
դատական ակտերի արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ապահովումը,
դատավորի պաշտոնի և արդարադատության նկատմամբ հասարակության վստահության և հարգանքի բարձրացումը։
Նշված խնդիրները լուծելու նպատակով.
 
1. Անհրաժեշտ է ամրապնդել և գործնականում իրացնել դատական իշխանության ներքին և արտաքին անկախության ապահովման սահմանադրական պահանջները և կարգավորումները։ Դա ենթադրում է Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի լիազորությունների և դերի վերաիմաստավորում։
 
2. Դատավորների ընտրության, նշանակման, կարգապահական պատասխանատվության ընթացակարգերը, ինչպես նաև դատավորների համար նախատեսված սոցիալական երաշխիքների վերաբերյալ կարգավորումները պետք է ստանան օրենսդրական այնպիսի ամրագրումներ, որոնց արդյունքում նվազագույնի կհասցվի դատավորի գործունեությանը միջամտելու ցանկացած հնարավորություն:
 
3. Անհրաժեշտ է իրականացնել դատավորների օպտիմալ քանակի և տեղաբաշխվածության որոշում և այս հարցին պարբերաբար պարտադիր անդրադարձի ապահովում։
 
4. Պետք է նախաձեռնել դատարանների բեռնաթափմանն ուղղված շարունակական միջոցառումներ, այդ թվում՝ վարչական, քաղաքացիական և ֆինանսական բնույթի գործերի համար ներդնելով վեճերի լուծման այլընտրանքային, պարզեցված և արագացված  մեխանիզմներ:
 
5. Անհապաղ բարձրացնել դատավորների պատրաստման, գիտելիքների ու հմտությունների ստուգման և նրանց գործունեության գնահատման մեխանիզմների արդյունավետությունը։
 
Արդարադատության ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են․
 
Բոլոր ատյանների դատարանները և դատավորները անկախ են միմյանցից և այլ սուբյեկտներից:
Ոչ պրոֆեսիոնալ, աչառու դատավորները դատական համակարգում տեղ չունեն:
Առանց անկախ, պրոֆեսիոնալ և հանրության առաջ հաշվետու դատական իշխանության՝ որևէ այլ բարեփոխման արդյունավետությունն անհնարին է։
3. Պայքար կոռուպցիայի դեմ
 
Դաշինքի համոզմունքն է, որ կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացումը արգելակող հիմնախնդիրներից մեկը:
 
Այս առնչությամբ անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․
 
Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը:
Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:
Նշված խնդիրները լուծելու նպատակով.
 
Բացառել կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով և շահարկմամբ այնպիսի նոր ինստիտուտների նախատեսումը, որոնց արդյունավետությունը ոչ միայն ապացուցված չէ միջազգային պրակտիկայում, ենթադրում է հսկայական ֆինանսական ծախսեր, այլև խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից (հակակոռուպցիոն դատարան, անցումային արդարադատություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում) և հանգեցնելու են միջազգային դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության դեմ կայացվող բազմաթիվ վճիռների՝ պետության համար առաջացնելով թե՛ ֆինանսական հետևանքներ, թե՛ միջազգային հեղինակության ու ներդրումների անկման ռիսկեր։
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքում պետք է լինեն անկախ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դատական, դատախազական և քննչական համակարգեր։ Մյուս կողմից՝ պետք է մեծացնել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը և կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են՝
 
Սահմանադրության, ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերի և կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձի արմատավորումը,
կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։
4. Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում 
 
Դաշինքի նպատակը տարածքների համաչափ զարգացումն ու սեփական կարիքները սեփական կարողություններով հոգացող համայնքների կայացումն է։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
 
տարածքների զարգացման համաչափության ապահովումը,
համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և կարողությունների հզորացումը,
համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը,
համայնքային ծառայությունների ընդլայնումն ու որակի բարելավումը։
Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է.
 
1. Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։
 
2. Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
 
3. Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։
 
4. Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։
 
5. Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։
 
6. Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։
 
7. Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։
 
5. Ընտրական և կուսակցական համակարգ
 
Դաշինքի նպատակը հանրային տրամադրությունները հնարավորինս պատշաճ արտացոլող ընտրական համակարգի ներդրումն է։
 
Այս նպատակի իրագործման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․
 
Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը:
Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր:
Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը:
Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
6. Մարդը որպես բարձրագույն արժեք, նրա իրավունքներն ու ազատությունները
 
Դաշինքը որպես առանցքային նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
 
Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթների իրացումը օրենսդրության մեջ,
Հիմնական իրավունքների սահմանափակումներին ներկայացվող խստագույն սահմանադրական պահանջների անխտիր պահպանումը և իրացումը գործնականում՝ համաչափություն, իրավական որոշակիություն և հիմնական իրավունքների էության անխախտելիություն։
Նշված խնդիրները լուծելու նպատակով.
 
1. Պետք է երաշխավորել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը և դրանց պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի անխափան ու արդյունավետ աշխատանքը, հատկապես՝ ի դեմս դատական համակարգի և սահմանադրական արդարադատության երաշխիքների:
 
2. Մարդու հիմնական իրավունքները հատկապես խոցելի են քրեական վարույթի շրջանակներում, որտեղ պետք է նախատեսել պաշտպանության լուրջ և գործուն երաշխիքներ ու կառուցակարգեր։ Այս առումով  անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։
 
3. Պետք է կատարելագործել հատկապես քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտում կարգավորումներն ու դատավարական օրենսգրքերը այնպես, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետում վերականգնելու իր խախտված իրավունքը։
 
4. Պետք է իրականացնել կրթության, վերապատրաստման, մասնագիտական որակների զարգացման և վերահսկողության համակարգված, համալիր միջոցառումներ՝ ուղղված հանրային ծառայողների և ընդհանրապես՝ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի արմատավորմանը։ Միաժամանակ, պետք է նպաստել այն գիտակցության ձևավորմանը, որ մարդու իրավունքները բացարձակ չեն, և անհատի կամ խմբի իրավունքներն ու ազատությունները կարող են համաչափորեն սահմանափակվել այլոց իրավունքների, Սահմանադրությամբ նախատեսված այլ հիմնարար արժեքների պաշտպանության նկատառումներով։
 
5. Պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական արդյունավետ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ողջամիտ կարճ ժամկետում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։
 
6. Պետք է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդու հիմնական իրավունքների կարևոր առաջամարտիկի ինստիտուտը, նախատեսել վերջինիս անկախությունը և արդյունավետ գործունեությունը երաշխավորող անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը։ Պետք է մտածել նաև այլ ոլորտներում գործող համարժեք ինստիտուտների կայացման կամ դրանց աջակցության մասին (ֆինանսական ոլորտ, զանգվածային լրատվության միջոցներ, վարչարարություն, ճանապարհային ոստիկանություն, համայնքային կառույցներ և այլն)։
 
7. Պետք է գործարկել հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների կիրառմամբ կբացառվեն մարդու իրավունքների ոլորտում հանրային հանձնառություն ստանձնած կազմակերպությունների կողմից ազգային արժեհամակարգին հակադրվելու շարժառիթներն ու գործելակերպը։ Պետք է նպաստել նաև քաղաքացու նոր տեսակի ձևավորմանը՝ անհատի, ով արմատներով ազգային է, պաշտում է հայրենի հողը, իր երջանկությունը չի պատկերացնում առանց հայրենիքի, օրինապաշտ է։
 
8. Պետք է բացառել սահմանադրական արդարացում չունեցող որևէ արտոնյալ դիրք, օրենքի տարբերակված կիրառում, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող և արհեստականորեն որևէ սուբյեկտի համար առավելություններ նախատեսող օրենսդրական երկիմաստություններն ու այլ անորոշությունները։
 
Մարդու իրավունքների ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են․
 
Հայաստանի Հանրապետությունում մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են:
Մարդու հիմնական իրավունքները իրավական պետության անօտարելի բաղադրիչն են, և դրանցով կաշկանդվածությունը, դրանց հարգումն ու պաշպանությունը՝ ողջ հանրային իշխանության պարտականությունը:
Բոլոր մարդիկ իրավահավասար են և հավասար են օրենքի առջև:
Պետության մեջ պետք է երաշխավորված լինեն և անխափան գործեն մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ կառուցակարգեր։
7. Քաղաքացիական հասարակություն
 
Դաշինքի նպատակն ազգային օրակարգ ունեցող զորեղ քաղաքացիական հասարակության կերտումն է։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․
 
Ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի ընդհանուր շահ ունեցող քաղաքացիները կարողանան արդյունավետ իրացնել իրենց միավորվելու իրավունքը։
Խթանել քաղաքացիների միավորումների արդյունավետ գործունեությունը՝ պետական դրամաշնորհային ծրագրերի, առանձին մասնագիտացված կառույցներին պետական դոտացիաների և նույնիսկ պետական ու համայնքային ծառայությունների լիազորությունները պատվիրակելու միջոցով։
Կերտել ազգային օրակարգ, որի իրացման ուղղությամբ հատկապես երիտասարդներն ու կենսաթոշակառուները կամավորության սկզբունքով արդյունավետ աշխատանք կկատարեն։
Նշված խնդիրները լուծելու համար.
 
1. Պետության և համայնքների օժանդակությամբ պետք է կայացնել համատիրությունների ինստիտուտը՝ որպես քաղաքացիական հասարակության առանցքային միավոր։ Համատիրությունները, թեև ֆորմալ առումով միավորում են հանրապետության բնակչության մեծ մասին, սակայն բովանդակազուրկ են և ոչ մի կերպ չեն ընկալվում որպես քաղաքացիների՝ սեփական խնդիրները լուծելու նպատակով ստեղծված միավորումներ։ Անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ օրինակներ և դրանց կառավարման փորձը փոխանցել մյուսներին։
 
2. Պետք է օրենսդրական համապատասխան կարգավորումների միջոցով մասնավոր հատվածին խրախուսել, որպեսզի դրսևորի սոցիալական բարձր պատասխանատվություն և խթանի քաղաքացիական հասարակության գործունեությունը։
 
8. Պետություն-եկեղեցի հարաբերություններ
 
Դաշինքը, ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելը, խղճի ու դավանանքի ազատությունները, բոլոր կրոնական կազմակերպությունների իրավահավասարությունը, այնուամենայնիվ, ճանաչում է հայ ժողովրդի պատմության, հայապահպանության, հայության հանրային կազմակերպման, սոցիալական, կրթական ու հոգևոր-մշակութային կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարևոր և առանցքային դերակատարությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։
 
Ուստի, Դաշինքի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել հայության ազգային և հոգևոր անվտանգությունը։
 
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․
 
Սահմանադրական կարգավորումների ներքո մշակել և ստորագրել երկկողմ համաձայնագիր, որով կսահմանվեն ՀՀ-ՀԱՍԵ փոխհարաբերությունների սկզբունքներն ու ծավալները:
Ստեղծել նպաստավոր միջավայր, որի պայմաններում ՀԱՍԵ-ն կարողանա արդյունավետ ծառայություններ մատուցել անվտանգության ապահովման, կրթական, սոցիալական և հոգևոր ծառայությունների մատուցման ոլորտում:
Պետության կողմից աջակցության միջոցով նպաստել եկեղեցու արդիականացմանը, որի արդյունքում ՀԱՍԵ-ն կկարողանա արդյունավետորեն տնօրինել սեփական ռեսուրսներն ու դրանք ծառայեցնել հանուն Հայաստանի և հայության շահերի։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
1. Անվտանգություն
 
Դաշինքի նպատակը ՀՀ անվտանգային և պաշտպանունակության այնպիսի ներուժի ստեղծումն է, որը կապահովի երկրի, նրա բնակչության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանության պաշտպանությունը։
 
Այս նպատակի ապահովման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
 
անընդհատ ավելացնել Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով,
անընդհատ բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը, մարտական պատրաստականությունը, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ կատարելագործելով զորքերի մարտական վարպետությունը,
բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութատեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով,
զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղակայված կերպով վարելու ունակությունները,
ընդլայնել և զարգացնել սահմանապահ ծառայության կարողություններն ու ռազմատեխնիկական ռեսուրսները,
գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգեր՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի,
խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, պրոակտիվ դարձնել զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները,
զարգացնել ռազմական և ռազմավարական դաշնակցությունը գործընկեր երկրների հետ՝ փոխադարձաբար ամրապնդելով ռազմաքաղաքական պարտավորությունների իրավական և կիրառական հիմքերը,
զարգացնել և ամրապնդել ոչ ավանդական ուղղություններով պաշտպանունակությունը (այդ թվում՝ կիբեռտարածքում, տեղեկատվական և քարոզչական միջավայրում, հակաահաբեկչության առումով և այլն)։
Վերոհիշյալ խնդիրների լուծման համար.
 
Պետք է կերտել անվտանգային և պաշտպանական այնպիսի համակարգ, որի պայմաններում սահմանափակ ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային ուժի, հնարավոր կլինի առավելագույն խնդիներ լուծել։
Պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները և զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից։
Պետք է համապարփակ միջոցներով զարգացնել մարդկային կապիտալն այնպես, որ բանակի թե՛ շարքային, թե՛ սպայական կազմի համալրումներում բանիմաց, մտավոր ու ֆիզիկական բարձր զարգացում և կրթական բարձր ցենզ ունեցող զինծառայողների տեսակարար կշիռն աստիճանաբար աճի։
Պետք է պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող անձանց համար ներդրվեն գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ու կատարելագործման, պաշտոնեական ու դիրքային առաջխաղացման, սոցիալական երաշխիքների արդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը կդառնա առավել գրավիչ մասնագիտություն։
Պետք է վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։
Պետք է կիրառել զինծառայության մեջ հաշմանդամություն և այլ սահմանափակումներ ունեցող անձանց, ինչպես նաև կանանց ներգրավման արդյունավետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ նրանք կարող են ծառայությունն անցկացնել ոչ մարտական (օրինակ՝ նյութատեխնիկական և համակարգչային ապահովում, կապ և հեռահաղորդակցություն, կիբեռտիրույթ և տեղեկատվական տիրույթ և այլն) և ոչ զորանոցային պայմաններում։
Պետք է ներդնել պահեստազորի պարբերական վարժանքների գործիքներ, ինչը հնարավորություն կտա մարտական հմտությունները կատարելագործել հատկապես այն մասնագիտությունների դեպքում, որոնցում տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների զարգացումը կարող են կարճ ժամկետում հմտությունների վրա ազդեցություն ունենալ։
Պետք է մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական առաջնահերթություններին, պարբերաբար վերանայել զինծառայողների աշխատավարձերը՝ սահմանելով արդար և արդյունավետ տարանջատման մեխանիզմներ:
Պետք է առաջնորդվել բացառապես արժանիքների և կրթական բարձր չափանիշների վրա հիմնված անձնակազմի կառավարման սկզբունքներով:
Զինված ուժերի զարգացման և արդիականացման  գործում հիմնական սկզբունքներն  են.
 
Բանակում ծառայելը հարկադրված զբաղմունք կամ զուտ պարտականություն չէ, այլ պատվաբեր աշխատանք, մասնագիտություն և պարտք հայրենիքի հանդեպ:
Բանակը մարդու սոցիալիզացիայի, զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման առողջ (անփոխարինելի) միջավայր է:
Զինծառայողը և հատկապես սպան հասարակության հայելին են, նրա զարգացածության ու ուժի չափման միավորը:
Զինված ուժերը շարունակում են մնալ հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը և պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:
Բանակը հասարակության առաջնորդության, նորարարության, առաջադիմության և ներառականության ամենամեծ դարբնոցն է:
Զինված ուժերի զարգացումը և արդիականացումը ոչ թե նպատակ է, այլ անհրաժեշտություն:
2․ Արտաքին քաղաքականություն
 
Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային և անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում և եղանակներով Հայաստանի և հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է։
 
Արտաքին քաղաքականության խնդիրներնեն․
 
Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, գործընկերության նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, մասնավորապես.
1. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Երկու ժողովուրդների բարեկամության վրա հենվող մեր հարաբերությունները պետք է բնականոն կերպով զարգանան և խորանան բոլոր ոլորտներում՝ միտված լինելով փոխադարձ շահերի առաջմղմանն ու միմյանց համար տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացման հարցում սերտ համագործակցությանը: Անվտանգային ոլորտում համագործակցությունը պետք է բարձրացվի նոր մակարդակի: Երկու երկրների քաղաքական կյանքում ժամանակավոր վայրիվերումները չեն կարող հարցականի տակ դնել անվտանգային, քաղաքական, տնտեսական առումներով անկյունաքարային կարևորություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները, փոխվստահությունն ու բարեկամությունը: Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների լիարժեք բավարարման և փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքներին օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից:
 
2. ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես դրանց լիարժեք, ակտիվ և նախաձեռնող անդամ: Հայաստանը պետք է հնարավոր ջանքերը ներդնի՝ ի նպաստ կառույցների զարգացման, դրանց միջազգային հեղինակության ամրապնդման և մեծացման: Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևոր հարցերի ներառումը կառույցների օրակարգերում:
 
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանին կապում են դարերից եկող երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք խորացման մեծ ներուժ ունեն: Բոլոր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը մշտապես պետք է լինի օրակարգում: Իրանի հետ գործակցությունը պետք է միտված լինի երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից զերծ պահելուն և աշխարհի համար քաղաքակրթությունների շարունակական երկխոսության լավագույն օրինակներից մեկը լինելուն: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հայ-իրանական համագործակցությունը պետք է հաշվի առնի փոխադարձ շահերը: Պետք է խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո, Հայաստանը պետք է նախաձեռնի Հայաստան-Իրան-Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ:
 
4. Վրաստանի հետ սերտ գործընկերային, բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի: Տարբեր ինտեգրացիոն գերակա վեկտորներ ունեցող երկու հարևան երկրների միջև փոխլրացման սկզբունքով կառուցվող հարաբերությունները պետք է մշտապես միտված լինեն զարգացմանն ու խորացմանը և զերծ մնան արտաքին դեստրուկտիվ ազդեցությունից: Բաց ու անկեղծ երկխոսութ

← Վերադառնալ ցուցակին