Լուրեր

Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լևոն Արոնյանին` կնոջ մահվան կապակցությամբ

31.03.2020

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, տեղեկանում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջի գրառումից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն եւ զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

«Սիրելի՛ Լեւոն,

Մեծ է կորուստը, եւ դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթեւացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ եւ տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո եւ Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին եւ մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին եւ աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության եւ հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում»:

← Վերադառնալ ցուցակին