Լուրեր

Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված որևէ թաքցնելու բան չունի. Շարմազանով

24.12.2019

Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված և առհասարակ որևէ լուրջ խնդրի մասով որևէ թաքցնելու բան չունի: Նրա օրոք Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը հաղթել են ապրիլյան պատերազմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է երրորդ նախագահը ներկայանալ ու պատասխանել ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին:

«Մենք որևէ թաքցնելու բան չունենք: Մեր իշխանության օրոք հաղթել ենք ապրիլյան պատերազմում: Ավելին՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»,-ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների սպասելիքներին, ԱԺ նախկին փոխնախագահն ասաց, թե լավ կլինի, որ հրավիրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ. «Մի հատ կանչեք ու հարցրեք, թե որտեղից նման ինֆորմացիա»:

«Եթե Փաշինյանը մնացել է իր այդ կարծիքին, երբ հանդիպում է նաև ՌԴ նախագահի հետ, արդյո՞ք այդ մասին ասել է: Թե՞ իրողություն է փոխվել ու այլևս նման բան չի մտածում»,-ասաց Շարմազանովը՝ հորդորելով լրագրողներին այդ հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին: 

henaran.am

← Վերադառնալ ցուցակին