Լուրեր

«Եթե այսօր լռեն, վաղը կլռեցվեն այդ նույն իշխանության կողմից». Գագիկ Մինասյան

07.10.2019

«Մենք, ըստ էության, կառուցում ենք անձնիշխանություն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հանդեպ աղմկահարույց ոտնձգության միջադեպին:

Ըստ Գ. Մինասյանի՝ վարչապետ Փաշինյանը ձգտում է մենիշխանության կոպիտ հաստատման.

«Նիկոլ Փաշինյանն այսօր տիրապետում է գործադիր իշխանությանը,  օրենսդիր իշխանությանը՝ բացարձակապես առանց վերապահումների (այնտեղ ընդդիմության մասին կարելի է մեծ վերապահումով խոսել), և իր արշավն է սկսել դատական իշխանության դեմ: Գործնականում, ինքն իր իշխանությունների՝ գործադիր և օրենսդիրի միջոցով պատերազմ է հայտարարել ՍԴ-ին, և բոլորս գիտեինք, որ դրա ավարտից հետո ինքը պետք է անցներ 4-րդ իշխանության գրավմանը, բայց, ինչպես ցույց տվեց «Հայելի» ակումբի դեպքը, երրորդ իշխանության՝ դատական իշխանության,  և չորրորդ իշխանության դեմ արշավը կարծեք թե զուգահեռ է ընթանում»:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ «ակցիա» իրականացրած անձինք անդրադարձել էին նաև ՍԴ նախագահին. «Իրենք չէին էլ թաքցնում, որ, ըստ էության, իրենց ակցիայի հիմնական պատճառը նաև այն է, որ տիկին Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է: Ես չեմ զարմանա, որ վաղը պարզվի՝ այս ամեն ինչը մի կետից ուղղորդված գործողություն է, և նպատակը  տոտալ մենիշխանության հաստատումն է Հայաստանում»:

Խոսելով վերջին շրջանի մի քանի աղմկահարույց դեպքերի մասին՝ Գ. Մինասյանն արձանագրեց խտրական վերաբերմունք՝ ինչպես իրավապաշտպան հ/կ-ներից շատերի կողմից, այնպես էլ՝ իշխանության ներկայացուցիչների,  ովքեր լռեցին դատավոր Ալվինա Գյուլումյանի և «Հայելի» ակումբի դեպքում, բայց կոնկրետ գործողությունների անցան դատավոր Դանիբեկյանին հարցադրումներ ուղղած անձանց պարագայում. «Այդ մարդկանց ամենաբիրտ ձևով բերման ենթարկեցին, մինչդեռ այս 4-ի հետ կապված՝ նման բան չի եղել: Սա հերթական խտրական վերաբերմունքն է»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը կարծում է, որ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի լռությունն այս զարգացումների հանդեպ կհանգեցնի ողբերգական հետևանքների. «Առավել քան համոզված եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են երկրում ժողովրդավարության հաստատման համար, եթե այսօր լռեն, վաղը կլռեցվեն այդ նույն իշխանության կողմից»:

Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին