Լուրեր

Վրաստանը չի գնահատելու Հայաստանի այդ ժեստը. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Վրաստանի բանաձեւին դեմ չքվեարկելու մասին

07.06.2019

 Վրաստանը չի գնահատելու այն ժեստը, որով Հայաստանը չի քվեարկել ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձեւի դեմ, Ռուսաստանը չի հասկանա այդ ժեստը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 
«Մեր իշխանությունները համաշխարհային մակարդակի PR են փորձում անել, որ տեսեք, թե Հայաստանը ինչ ուղերձ է հղում Վրաստանին, որ մենք, առաջին անգամ այս տարիների ընթացքում չտրվելով ՌԴ ճնշումներին, չենք քվեարկել Վրաստանի բանաձեւի դեմ, սա է քվինտէսենցիան իշխանական PR մեքենայի։ Շատ կուզենայի, որ մեր իշխանությունները լավ հաշվել իմանային, եթե տնտեսական ցուցանիշները լավ հաշվել չգիտեն, դեռ այդքան վտանգավոր չէ, եթե մեր իշխանությունները չեն կարողանում հաշվել աշխարհաքաղաքական իրողությունները, դա արդեն վտանգավոր է»,–նշեց նա։
 
 
Աշոտյանը վստահ է՝ Հայաստանը այդ ժեստից չի շահի. «Ես վստահ եմ, որ Վրաստանը չի գնահատելու այդ ժեստը, Ռուսաստանը չի հասկանա այդ ժեստը, Հայաստանը չի շահելու քաղաքական նոր դիրքավորումից։ Դժվար թե մեր իշխանություններին հաջողվի այդ մի քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք–ադրբեջանական տանդեմի ճիրաններից»։
 
Նա շեշտեց՝ նաեւ Ադրբեջանն  էր փորձում ներքին տեղահանված անձանց  մասին բանաձեւեր բերել ե՛ւ ՄԱԿ-ում, ե՛ւ ԵԽԽՎ–ում. «Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը նախկինում իր դիրքորոշումը չէր պայմանավորում իր ռազմավարական գործընկերոջ շահերով, այլ իրչ շահերով»։
 
Հիշեցնենք, որ հունիսի 4–ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում բանաձեւ է ընդունվել «Աբխազիայից եւ Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին»։ Նախաձեռնողը եղել են Վրաստանը եւ եւս 44 երկրներ։ Բանաձեւին «կողմ» է քվեարկել 79 երկիր, «դեմ»` 15. 57 պետություններ, իսկ Հայաստանը ձեռնպահ է մնացել։
 
Հայաստանը վերջին տարիներին առաջին անգամ ձեռնպահ է մնացել եւ «դեմ» չի քվեարկել բանաձեւին։
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին