Լուրեր

«Հայոց ցեղասպանության հարցում վարչապետն իր «հոգևոր ուսուցիչ» Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն է շարունակում». Էդուարդ Շարմազանով

27.04.2019

 «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ոչինչ էլ չեն անում, նոր իշխանություններն ի՞նչ հայեցակարգ ունեն, որ ցեղասպանության ճանաչման գործում էլ ինչ-որ բան անեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։

 
 
Նրա կրկին հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ ԵԽԽՎ, սակայն իր ելույթի ընթացքում չանդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։
 
 
«Նա այդ հարցի հետ կապված մեկ բառ չխոսեց, իր «դըմփ-դըմփ-հու»-ի հեղափոխությունից խոսեց, բայց Հայոց ցեղասպանությունից չխոսեց։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ այդ մարդկանց համար համահայկական խնդիրներն օրակարգային չեն։
 
Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի առթիվ արված հայտարարությունը տեսեք, ո՛չ ժխտողականության մասին է խոսում, ո՛չ Օսմանյան կայսրության մասին է խոսում։ Նույնն էլ Հայոց ցեղասպանության հարցում, վարչապետն իր հոգևոր ուսուցիչ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն է շարունակում, որն ասում է, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», Նիկոլ Փաշինյան էլ ասում է, որ «իզմ»-եր չունի։
 
 
Կրկնում եմ՝ ապրիլ ամսին երկրի վարչապետը հասնի ԵԽԽՎ, ելույթ ունենա և Հայոց ցեղասպանության մասին որևէ բան չխոսի՞։ Այս մարդկանց համար իրենց «դըմփ-դըմփ-հու»-ի հեղաշրջումը հավասար է Սարդարապատի ու Արցախի հերոսամարտին, ինչի՞ մասին է խոսքը»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
 
Զվարթ Խաչատրյան
 
168.am

← Վերադառնալ ցուցակին