Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

26.05.2017

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:


***
Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք և շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը:

Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները: Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնել նրանց այս կարևորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար:

Սիրելի՛ Ժան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի և ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին և արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը: Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, և, անշուշտ, մեծապես գնահատում ենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Ըստ ավանդույթի, մեր ժողովրդի ստեղծագործական մտքի և թռիչքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ հայոց այբուբենը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին երևացել է տեսիլքի ձևով: Պատմաբաններն ասում են, որ շատ գիտական հայտնագործություններ պատահականության, անգամ երազի արդյունքում են կատարվել:

Նման պնդումները կարող են հիմքեր ունենալ, սակայն ճշմարտությունն արտացոլում են միայն մասամբ: Այո՛, պայծառացումը կարող է տեղի ունենալ վայրկենապես՝ անգամ ենթագիտակցության մեջ: Սակայն նման, այսպես ասած, «պատահականությունները» տեղի են ունենում միայն այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ հող են պատրաստել դրա համար:

Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սևեռուն և հետևողական նպատակադրում: Տեղեկատվության, գիտելիքի, հմտության և փորձի համադրումը երբեք չի կարող անհետևանք լինել: Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի: Ամեն մի վայրկենական պայծառացման պատմության թիկունքում թաքնված է երկար տարիների տքնաջան աշխատանք:

Վստահ եմ, որ այս պարգևին արժանացած յուրաքանչյուր ոք ունի իր երկարամյա ջանքերի, ճշմարտության փնտրտուքների, սխալների հայտնաբերման և շտկման մի յուրահատուկ պատմություն:

Այս պարգևատրումը առաջին հերթին երիտասարդների համար թող լինի հաջողության պատմության առաջին էջը, որպեսզի նոր պարգևները և միջազգային ճանաչումը չուշանան:

Հարգելի՛ դափնեկիրներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ստեղծագործական մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր ժողովրդի, ի շահ մարդկության:

Շնորհակալություն:

***

ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016 թվականի մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս-Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակ է շնորհվել.

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Գևորգ Բաղդասարյանին և Մարինե Միկիլյանին` «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում և թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար,

գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լևոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին և Մարիաննա Մարտիրոսյանին,

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) և Արսեն Զաքարյանին (կլարնետ):

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:

 

← Վերադառնալ ցուցակին