Լուրեր

ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական խմբի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակության հետ

10.10.2013

Հոկտեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ այցելությունները մեծապես նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորեց բարեկամական երկրի՝ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականները քննարկեցին հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզեն անդրադարձավ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ տվել է իր դրական արդյունքները: Բունդեսթագի պատգամավորը կարեւորեց, որ ծրագիրը հայաստանցի ուսանողներին Գերմանիայի Բունդեսթագում փորձառություն անցնելու հնարավորություն է տալիս :

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ առաջիկայում գերմանացի ուսանողները եւս հնարավորություն կունենան այդ ծրագրի շրջանակներում այցելելու Հայաստանի խորհրդարան:

Հայ խորհրդարանականները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու կրթական այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն հայ-գերմանական կապերի զարգացմանը եւ խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին