Լուրեր

Սերժ Սարգսյանի ելույթը Գավառ քաղաքում

13.02.2013

Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի՝ «Ապահով Հայաստան»-ի դրույթներն ու ինչպես հանրապետության բազմաթիվ բնակավայրերում մինչ այժմ ունեցած հանդիպումների ժամանակ՝ պատասխանել է ընտրողներին հետաքրքրող հարցերին: Նկատի առնելով, որ այս օրերին նշվում է Արցախյան շարժման 25-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթներում առանձնահատուկ շեշտադրում է կատարել այդ դրույթներից՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի վրա: ՀՀ նախագահի թեկնածուն հակիրճ անդրադարձել է շարժման նախապատմությանը, այն դժվարություններին, որոնց միջով Ադրբեջանի սանձազերծած տևական ու դժվարին պատերազմի տարիներին անցան հայության արցախյան հատվածը, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունն ու ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդը: «Արցախը, թիկունքում ունենալով ողջ հայության աջակցությունը, պատվով է բռնել պատերազմի քննությունը և շարունակում է պատվով հանձնել խաղաղության քննությունը։ Խաղաղության քննություն ասելով՝ մենք նկատի ունենք երկրի համակողմանի զարգացումը՝ տնտեսություն և կրթություն, առողջապահություն և մշակույթ, պետականաշինություն և բանակաշինություն։ Բայց ազատասեր արցախցու ամենալուրջ ձեռքբերումները ես համարում եմ քաղաքականը՝ ժողովրդավարություն և խոսքի ազատություն, բնականոն խորհրդարանական և նախագահական ընտրություններ և այլն»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և այդ գործընթացում Ադրբեջանի որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշման, շանտաժի ճանապարհով հայկական կողմից միակողմանի զիջումներ կորզելու այդ երկրի ղեկավարության դատապարտված փորձերի ու հիմնախնդիրը բանակցությունների միջոցով լուծելու Հայաստանի դիրքորոշման մասին: ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ 25 տարի առաջ արցախցին կատարել է իր քայլը, և այն անշրջելի է ինչպես պատմության անիվը: «Դրա երաշխավորը ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ է։ Այն Հայաստանը, որի կերտմանը ձեռնամուխ ենք եղել մենք՝ ձեզ հետ միասին։ Այսինքն եթե ասում ենք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ, մենք հասկանում ենք նաև ապահով Արցախ»,-նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ դա պայքար էր մեր անկախության համար և այդ պայքարն արդար էր, ու մենք հաղթեցինք: ՀՀ նախագահի թեկնածուն իր ելույթում անդրադարձել է նաև արդարության համար հայ ժողովրդի մյուս պայքարին, որը շուտով կբոլորի 100 տարին: Սակայն պատմական անարդարության դեմ մեր ժողովրդի պայքարին զուգահեռ, Սերժ Սարգսյանի համոզմամբ, այլ ճակատներ էլ կան. դա պայքար է ներքին հոռի երևույթների, ներքին կյանքում անարդարության դեմ: «…Դա պայքար է մեր հանրային ու մասնավոր կյանքը արդարության հիման վրա կառուցելու համար, դա պայքար է մեր մասնավոր և հանրային վեճերը արդարաբար լուծելու համար:

Ինձ համար արդարություն նշանակում է հավասար հնարավորությունների ապահովում, իրավունքի գերակայություն և իհարկե՝ արդար կառավարում:

Արտոնյալները, կամայականությունը, անհավասարությունը, խտրականությունը առաջիկա տարիներին հայտարարվելու են հայրենիքը սիրող, հայրենիքի հաջողություններով ուրախացող ու հպարտացող, իր ճակատագիրը իր հայրենիքի ճակատագրից չբաժանող յուրաքանչյուր հայաստանցու թշնամիներ:

Ասել եմ ու նորից կասեմ, որ այլևս անընդունելի են բացթողումներն ու երկրում առկա՝ լուծման կարոտ խնդիրները պայմանավորել խորհրդային տարիներից ժառանգություն մնացած արատավոր երևույթներով և մեր պետականության երիտասարդ լինելու հանգամանքով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա վստահեցրել է ընտրողներին, որ միասնաբար գործելու դեպքում, դժվարին թվացող բոլոր այդ խնդիրները միանգամայն հնարավոր է լուծել:

Նախընտրական հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն ընտրողներին տեղեկացրել է նաև մի կարևոր նախաձեռնության՝ ուսանողներին ուսման վարձերը վճարելու համար վարկերի տրամադրման գործընթացի մասին, անդրադարձել մեկ այլ՝ ս.թ. մարտի սկզբներից մեկնարկելիք «Զինվորական ծառայողներին սպառողական վարկավորման սուբսիդավորման ծրագրին», որի շրջանակներում որոշակի աջակցություն կցուցաբերվի զինծառայողներին, ոստիկաններին և անվտանգության մարմիններում աշխատողներին: «Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար մենք այս կատեգորիայի պետական ծառայողներին հատկացնելու ենք վարկեր, սուբսիդավորելու ենք տոկոսները, և շահառուները հնարավորություն են ունենալու 9 կամ 10 տոկոսով ստանալ առանց գրավի վարկեր՝ 7 տարի մարման ժամկետով: Կարծում եմ, որ սա հնարավորություն կտա առաջին հերթին նոր ծառայություն սկսող մեր սպաներին, ոստիկաններին, անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ ինչ-որ չափով բարելավելու իրենց կենցաղային խնդիրները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ելույթներից մեկում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև քարոզարշավի ժամանակ ընտրողների առջև պատասխանատվության գիտակցումով, պատրաստված ու տրամաբանական խոսքով հանդես գալու կարևորության մասին՝ անընդունելի համարելով սոսկ գեղեցիկ հռետորաբանությամբ ընտրողների առջև թվային անհամապատասխանություններով խոստումներ շռայլելը: 

← Վերադառնալ ցուցակին