Լուրեր

Աշտարակցիների հետ քննարկվել են արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները

18.02.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ քննարկումները ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել են Աշտարակում` կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել քաղաքացիներին մտահոգող խնդիրները, հարցերն ու առաջարկությունները, որոնք պետք է արտացոլվեն ՀՀԿ նախընտրական ծրագրում:
Նրա խոսքով` առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում պետք է լինի քաղաքացին` իր խնդիրներով և մտահոգություններով: «Պետությունը պարտավոր է ստեղծել քաղաքացիների համար նոր հնարարավորություններ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան աշխատել, կերտել բարեկեցիկ կյանք: Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այդ տեսակետից, վարչապետն ասել է, որ նոր արդյունաբերական քաղաքականությամբ պետք է ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր: «Պետությունը մասնավոր հատվածի հետ միասին իրականացնելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն, ինչն արմատական փոփոխություն է մեր տնտեսական կյանքում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նա նշել է, որ պետությունը շարունակելու է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով հարկային արտոնություններ տրամադրել, ինչը նոր աշխատատեղերի ստեղծման հիմնական խթանն է: Օժանդակություն է ցուցաբերվելու նաև արտահանող ընկերություններին:
Անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ շարունակվելու են սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որոնք բավականին արդյունավետ նշանակություն են ունենում բնագավառի զարգացման գործում: Գյուղացուն գյուղտեխնիկան հասանելի դարձնելու համար էլ ստեղծվելու են լիզինգային ընկերություններ, որոնք ռուսական և բելառուսական արտադրության տեխնիկան կոոպերատիվներին տրամադրելու են լիզինգային տարբերակով:
Վարչապետը նշել է, որ ՀՀԿ սոցիալական ծրագրերը պետք է ուղղվեն անաշխատունակներին: «Սոցիալական խնդիրներ կան այն ընտանիքներում, որոնք չունեն աշխատանք: Մեր սոցիալական ծրագրի թիրախը պետք է լինի աշխատունակ մարդուն աշխատանքով ապահովելը: Մենք սոցիալապես անապահովների համար պետք է հասանելի դարձնենք նաև կրթությունը: Աշխատելու ենք անապահով ընտանիքների երիտասարդների հետ, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք, թե երիտասարդն ինչպես է ցանկանում կառուցել իր կյանքը, գնում է ուսման, թե աշխատանքի: Ըստ դրա էլ ֆինանսական օժանդակություն ենք ցուցաբերելու: Դա լինելու է սոցիալական անհավասարության հաղթահարման ՀՀԿ ռազմավարությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ նախընտրական ծրագրով առողջապահության ոլորտում ևս լուրջ բարեփոխումներ են իրականացվելու, ընդլայնվելու է ապահովագրական համակարգը, իսկ պետությունը ֆինանսավորելու է քաղաքացիների սրտային վիրահատություններն ու օնկոլոգիական ծառայությունների մատուցումը:
Վարչապետի խոսքով` որպես իշխող կուսակցոււթյուն` ՀՀԿ-ն պարտավոր է հաշվետվություն ներկայացնել իր կատարած աշխատանքի համար: «Մենք այս ընթացքում միշտ եղել ենք ազնիվ, խոսել մեր խնդիրների, բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու հաջողությունները: Չնայած ճգնաժամին, հարևան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին, բոլոր սոցիալական խնդիրները կարողացել ենք հստակ կատարել, բարձրացվել են թոշակներն ու սոցիալական նպաստները: Ռազմական ոլորտում ևս իրականացվել են հստակ քայլեր, որոնցով թույլ չենք տվել մեր հակառակորդին դիմել ռազմական ուժի կիրառմանը`վերջինիս պարտադրելով խաղաղություն: Հաղթահարելով բոլոր մարտահրվավերները` կարողացել ենք մեր երկրում ապահվել կայունություն, ամրապնդել պետությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին