Լուրեր

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ

15.02.2012

Փետրվարի 15-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային:

Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, արձանագրեցին, որ երկու երկրների համակողմանի փոխգործակցության հնարավորությունները շատ ավելի մեծ են, որոնք տարբեր համատեղ ծրագրերի իրականացմամբ, հետեւողական քայլերով պետք է կյանքի կոչել:

Ուկրաինայի դեսպանը գոհունակություն հայտնեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում համագործակցության նկատելի առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնեց, որ միջազգային կառույցներում հայ խորհրդարանականները պաշտպանում են ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներն ու աջակցում նրանց:

Դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները` տեղեկացնելով, որ Ազգային ժողովում այդ թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Նա ներկայացրեց իրենց կուսակցության քաղաքական սկզբունքն առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականության մասին, որը ոչ միայն երկրի կայունության ու զարգացման նախադրյալ կլինի, այլեւ ավելի կամրապնդի միջազգային կառույցներում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը: «Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժեք կարող են դրսեւորել իրենց հնարավորությունները», - նշեց պարոն Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը, Ուկրաինայում հայկական համայնքի կենսական խնդիրներին, հայկական հուշարձանների պահպանությանն առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին