Հարցազրույցներ

«Աչքերիս առաջ այդ պահին սևացավ. կողոսկրի սալջարդ ունեմ. պատժվելու են, որ անարգում են ոստիկանի համազգեստը». Մարգարիտ Եսայան

24.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունները պետք է դատապարտվեն և հետևանքներ ունենան:

 
«Այն համազգեստավոր անձինք, որոնք այսօր լցված են Երևանի փողոցներում և մարզերում և որոնք սնկի պես աճում են, կասկածելի ծագում ունեն: Ես չեմ ուզում հավատալ, որ այդքան ոստիկաններ են աշխատում հաստիքացուցակով: Օդում կախված լուրեր կան այն մասին, որ ոստիկանության համազգեստ են հագնում տարբեր անձանց թիկնապահներ, ավազակային խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք հիմնականում կա՛մ չունեն տարբերանշաններ, կա՛մ խայտառակ ձևով են այդ տարբերանշանները փակցված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
Մարգարիտ Եսայանը պատմեց, թե ինչպես է ոստիկանի գործողությունների արդյունքում վնասվածք ստացել. «Դեպքը տեղի ունեցավ Իսահակյան-Տերյան խաչմերուկում, երբ մենք մոտ 7-8 օր առաջ խաղաղ երթով գնացինք դեպի Աբովյան-Իսահակյան խաչմերուկ և ետ էինք վերադառնում: Ոստիկանությունը 1-2 րոպե ժամանակ էր տվել, և դեռ չլրացած՝ խառնաշփոթ սկսվեց: Մինչ ես փորձում էի հասկանալ, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, այդ պահին մեր Հայկ Դերզյանը ռուպըրով հայտարարում էր, որ մի կողմ անցնենք, և այդ պահին ես տեսա, թե ինչպես ոստիկանները Դերզյանին գցեցին ներքև կամ համապատասխան վիճակ ստեղծեցին, որ Հայկը ընկավ: Ես ուղիղ եթեր էի մտել և այդ ամենը ցուցադրում էի իմ հեռախոսով: Երբ փորձեցի Հայկին օգնել՝ չհասկացա՝ իմ հեռախոսն ինչ եղավ, որովհետև անասելի ցավ զգացի:
 
Ես նկատեցի, որ Տերյանի կողմից ինչ-որ համազգեստավորների խումբ մեծ արագությամբ եկավ և մխրճվեց ժողովրդի մեջ: Դրանցից, կներես այս բառիս համար, մի տավար երկու թևերով բռնեց իմ կոնքերից, սեղմեց և դրեց մի կողմ: Աչքերիս առաջ այդ պահին սևացավ, և ես շատ ջղայնացած գոռում էի, թե՝ այս տավարը որտեղի՞ց հայտնվեց, կողքիս հանգիստ կանգնած ոստիկանը, որը բացարձակ չէր միջամտում, ասաց՝ տիկին Եսայան, դրանք մերոնցից չեն: Կողոսկրի սալջարդ ունեմ, ընդ որում՝ սրտի կողմից, քանի օր է՝ կապկպված եմ պտտվում: Ես տարբեր մարդկանցից իմացա, որ դա հատուկ տրյուկ է՝ գալիս են, երկու թևերով մարդկանց կոնքերից սեղմում են, շնչարգելություն է առաջանում: Այդ պահը ես անձամբ ինձ վրա ստացել եմ: Վստահեցնում եմ, որ իշխանությունները նաև սրա համար են պատժվելու, որ անարգում են ոստիկանի համազգեստը, որը կայացած համակարգ է»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին