Հարցազրույցներ

«Այս իրավիճակում միայն մի բան կարող է մեզ փրկել». Կարինե Աճեմյան

20.04.2022

 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում հրապարակված 30 կետանոց հայտարարությունը 30 տարիների ոլորտային աշխատանքներն ու համագործակցությունն էին:

 
 
«Այն հարաբերությունները, որոնք Ռուսաստանի հետ ձևավորվել էին, դրանից համարյա բան չի մնացել, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանական պատգամավորները, լրատվամիջոցները հակառուսական գծի մեջ են: Այս պայմաններում սպասել, որ նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Ռ.Մ.) պետք է մեր շահը պաշտպաներ, միամտություն է: Այդ փաստաթղթից էլ է դա երևում, ես կարծում եմ, որ ինքը ընդհանրապես դրա հետ կապ չունի, երևի վերջում ընդամենը կարդացել է»,- 168TV-ի եթերում ասաց նա:
 
 
Կարինե Աճեմյանն ակնկալում է հանրային լայն կոնսոլիդացիա. «Մենք այն ուժն ենք, որ առաջին օրվանից այս արհավիրքը տեսել է: Ես այսօր տեսնում եմ մարդկանց, ովքեր իր հետ աշխատել են, ասում են, որ խաբված են, շատ լավ է, որ դա ընդունում են, բայց պետք է վաղուց դա լիներ, որովհետև չեմ կարծում, որ նաև ձեր կոլեգաների մեջ իրեն չեն ճանաչել կամ չեն հասկացել, որ մարդը գալիս է միայն մանիպուլյացնելու, խաբելու: Երբեք իմ մտքով չէր անցնի, որ մեր հասարակությունը կարող էր հանդուժել մեկին, որը պարզ տեքստով պատմում է, թե ինչպես է հանձնելու Արցախը, ինչպես է Հայաստանը բերելու այս իրավիճակին, երբ արդեն կորցրել է սուբյեկտայնությունը: Երբևէ չեմ կարծել, որ նման անտարբեր հասարակություն ունենք: Շատ մարդիկ դեռ մանիպուլյացված են, հատկապես՝ խաղաղության պայմանագրի թեմաներով, նա ասում է, որ՝ մենք խաղաղությունն ենք, իրենք ռևանշիստ և պատերազմն են: Իհարկե, պետք է հակառակը հասկանալ, որովհետև պարզից էլ պարզ է, որ մարդը, որի օրոք բավականին մեծ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել, հիմա խոսում է խաղաղության մասին, մենք, հնարավոր է՝ Երևանն էլ տանք, թուրքերը գան այստեղ ապրեն, շատ խաղաղ կլինի, որևէ հայ չի լինի: Հիշեք՝ Նախիջևանը ոնց հայաթափվեց, նույնը հիմա Արցախում է արվում: Ես ընկերներ ունեմ, որոնք այնտեղ իրենց նկուղներն են կարգի բերում, որովհետև սպասումները շատ վատն են: Այս պարագայում մի բան կարող էր փրկել՝ համազգային դիմադրությունը»:
 
 
ՀՀԿ ԳՄ անդամն անդրադարձավ գործող իշխանությունների կողմից տարիներ շարունակ շահարկվող «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզին՝ ընդգծելով, որ աշխարհը հիմա ստի և մանիպուլյացիայի վրա է հենվում, իսկ Փաշինյանը, ըստ նրա՝ դրա մեծ մասնագետն է.
 
 
«Նա մրցակից չունի այդ առումով: Կարելի է ամեն ինչ ասել, մանիպուլյացնել, բայց եթե փաստերով նայենք, մենք ապրել ենք ազատ, անկախ երկրում, ապրել ենք մեր դաշնակիցների և բոլոր երկրների հետ լավ հարաբերություններում: Տեսեք՝ ինքը գնում է Եվրոպա՝ նրանց առաջ է խոնարհվում, գալիս է Ռուսաստան՝ Ռուսաստանում է խոնարհվում, ինչ ասում են, ասում է՝ այո: Այսինքն՝ դեռ իր այս մանիպուլյացիան, իշխանությունը պահելու այս մարմաջը, որով տոգորված են ինքը և իր ընտանիքը, աշխատում է: Ես հասկանում եմ, որ մարդիկ խաղաղություն են ուզում, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց դա չպետք է լինի մեր արժանապատվության, մեր կարգավիճակի, տարածքներ կորցնելու և զոհեր ունենալու հաշվին: Այս ամենը չափազանց վտանգավոր է: Պատերազմից հետո մենք չենք կարողանում որևէ բանով ուրախանալ, մենք տեսնում ենք, որ գնալով մեր ապագան վտանգվում է, և չգիտեմ՝ ինչպես պետք է այս ամենից դուրս գանք»:
 
Կարինե Աճեմյանը շրջադարձի հնարավորություն տեսնում է. «Սարսափելի դժվար կլինի, բայց մեզ պետք է իմաստուն ու հայրենասեր ղեկավար, որը միայն կմտածի երկրի շահերի մասին, չի մտածի իշխանության մասին: Բայց առաջին հերթին՝ պետք է փոխել այս իշխանություններին, որպեսզի հասկանանք, թե հետո ինչ ենք անելու: Այդ հետոն էլ է շատ կարևոր, որպեսզի չգան մարդիկ, որոնց որպես էշելոն՝ պատրաստում են, իսկ մենք գիտենք, որ Արևմուտքը պատրաստում է որոշակի դեմքեր, որպեսզի կարողանա հետագայում, եթե ինչ-որ բան տեղի ունենա… մեր տարածաշրջանում էլ շատ ուժեղ արտահայտվելու են ռուս-արևմտյան հակամարտության արդյունքները»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին